Գեշտալտ հոգեբանություն/կոնֆիգուրացիոնիզմ[1], 20-րդ դարի առաջին կեսի արտասահմանյան հոգեբանության խոշորագույն դպրոցներից մեկը, որի հիմքում դրված է հոգեկան երևույթի, հոգեկան գործընթացների ուսումնասիրությունն իր ամբողջության մեջ։ Սկիզբ է առել Գերմանիայում։ Գեշտալտ (գերմ.՝ Gestalt) նշանակում է ամբողջական ձև, պատկեր, կառուցվածք։ Ներկայացուցիչներն էին Մաքս Վերթհայմերը, Վոլֆգանգ Քյոլերը, Կուրտ Կոֆկան, Կուրտ Լևինը։ Գեշտալտ հոգեբանությունը առաջացավ մեխանիստական բնագիտության ու բուրժուական հոգեբանության ընդհանուր ճգնաժամի ֆոնի վրա, ընդդեմ մեխանիստական ասոցիատիվ հոգեբանության։ Ընդունում է ամբողջի հոգեբանությունը, ի հակակշիռ «էլեմենտի հոգեբանության»։ Ամբողջականի կառուցվածքի գաղափարը գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչները կիրառեցին ընկալման հոգեբանության մեջ՝ փորձելով այն հիմնավորել փորձառական միջոցներով։ Ընկալման կառուցվածքային տեսությունը տարածեցին հոգեֆիզիկական, ապա հոգեբանության բոլոր պրոբլեմների վրա։ Գեշտալտ հոգեբանությունը մերժում է հոգեբանական տարրական պրոցեսների՝ զգայության տեսակների ու որակների առանձին ինքնուրույն ուսումնասիրությունը։ Ըստ գեշտալտ հոգեբանության՝ ընկալման կառուցվածքը ոչ թե առարկայի նյութական հատկանիշներով է որոշվում, այլ յուրահատուկ օրենքներով, այսինքն՝ մարդու սուբյեկտիվ վերաբերմունքով և ընկալումներով, որը իդեալիզմի և մեխանիզմի արտահայտության մի նոր ձև էր։ Գեշտալտ հոգեբանությունը պնդում էր, որ արտաքին գրգռիչների հետևանքով առաջացած գրգիռները գլխուղեղում գոյացնում են բնախոսական «կառուցվածքներ», որոնք համապատասխանում են հոգեկան երևույթների «կառուցվածքներին»։ Չնայած բուրժուական հոգեբանության վրա իր ժամանակին ունեցած մեծ ազդեցությանը, գեշտալտ հոգեբանությունը հոգեբանության ոլորտի ոչ պատմական ըմբռնման, ձևի, դերի գերագնահատման և մեթոդաբանական արատների հետևանքով չդիմացավ ժամանակի փորձությանը։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (մայիսի 5, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Տեսական հիմնական դրույթներ և հետազոտություններ

խմբագրել

Գեշտալտ հոգեբանության լիդերները հանդիպել են 1910 թվականին Ֆրանկֆուրտի հոգեբանական ինստիտուտում, որտեղ Վերթհայմերը փորձում էր գտնել փորձարարական պատասխան այն հարցին, թե ինչպես է կառուցվում տեսանելի շարժումների պատկերը, իսկ Քյոլերն ու Կոֆկան ոչ միայն փորձարկվողներ էին, այլև քննարկում էին փորձերի արդյունքները։ Հենց այս ընթացքում ծնվեց հոգեբանական հետազոտությունների նոր ուղղությունը։

Վերթհայմերի փորձերից մեկը հետևյալ բնույթն ուներ․ հորիզոնական երկու ճեղքերից՝ շեղված 20-30° անկյան տակ, նա տարբեր ինտերվալներով լույս է բաց թողել։ 200մ/վրկ և ավել ինտերվալի դեպքում երկու գրգռիչներն ընկալվել են առանձին-առանձին՝ հետևելով իրար, 30մ/վրկ-ում՝ միաժամանակ, 60մ/վրկ իտերվալում առաջանում է շարժման ընկալում։ Վերթհայմերն այդ ընկալումն անվանում էր ֆի-ֆենոմեն։ Նրա ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվել են «Տեսանելի շարժման փորձարարական հետազոտություններ» հոդվածում։ Հենց այն հոդվածն էլ կարելի է համարել գեշտալտիզմի ծագումը։ Վերջինիս գլխավոր կանխադրույթն այն է, որ հոգեբանության առաջնային տվյալներ են համարվում ամբողջական կառուցվածքները (գեշտալտները), որոնք չեն հանգեցվում հենց կազմող բաղադրիչներին։ Գեշտալտներին հատուկ են իրենց սեփական բնութագրերն ու կանոնները։ Մասերի հատկությունները որոշվում են կառուցվածքով, որոնց կազմի մեջ էլ նրանք մտնում են։ Գեշտալտիստները գլխավոր խնդիրը տեսնում էին նրանում, որ մեկնաբանություն տան գիտակցության փաստերին՝ որպես հոգեկան միասնական իրականությունների[2]։

 
Նմանության սկզբունք. նկարն ընկալվում է որպես տողեր և ոչ թե սյունակներ

Նրանք ընդունում են ինտրոսպեկտիվ մեթոդի ֆենոմենոլոգիական տարբերակը։ Դիրքորոշումն այն բանի վրա, որ հոգեբանական գիտելիքը պետք է կառուցել ֆիզիկամաթեմատիկական տեսանկյունից, գեշտալտիզմը տարբերում էր այլ ֆենոմենոլոգիական հայեցակարգերից։ Օրինակ՝ Վերթհայմերի համախոհ Քյոլերն ուներ ֆիզիկամաթեմատիկական նախապատրաստություն․ նա ֆիզիկա էր ուսանում քվանտային տեսության հիմնադիր Մաքս Պլանկի մոտ, իսկ Վերթհայմերը՝ ընկերական հարաբերությունների մեջ էր Ալբերտ Այնշտայնի հետ։ Գեշտալտիստները փորձում էին կառուցել նոր հոգեբանություն՝ որպես մոդել օգտագործելով ֆիզիկան։ Այս կերպ, «գեշտալտը» չէր համարվում եզակի հոգեբանական հասկացություն․ որը վերաբերում էր միայն գիտակցության ոլորտին։ Այն նախանշան էր համարվում իրականության բոլոր երևույթների նկատմամբ ընդհանուր համակարգային մոտեցման համար, նոր կերպ էր բացատրվում մասերի և ամբողջի, արտաքինի և ներքինի, պատճառների և նպատակների կապը։

Այս ուղղության շատ ներկայացուցիչները մեծ ուշադրություն էին դարձնում երեխայի հոգեբանական զարգացման խնդրին։ Առաջնային հոգեկան գործընթացը, որը փաստացի պայմանավորում է հոգեկանի զարգացման մակարդակը ընկալումն է։ Հենց կախված նրանից, թե ինչպես է երեխան ընկալում աշխարհը, կախված է նրա վարքի ու իրավիճակների հասկացումը։

Գեշտալտ հոգեբանության տեսանկյունից՝ հոգեկան զարգացման մակարդակը բաժանվում է երկու անկախ և զուգահեռ գործընթացների՝ ուսուցում և հասունացում։ Կոֆկան ընդգծում էր նրանց անկախությունը՝ ապացուցելով, որ ուսուցման զարգացման գործընթացը կարող է առաջ ընկնել հասունացումից, կարող է լինել և հակառակը, չնայած հաճախ նրանք զուգահեռ են ընթանում՝ ստեղծելով փոխկախվածության պատրանք։ Այնուամենայնիվ, ուսուցումը չի կարող արագացնել հասունացման գործընթացն ու գեշտալտների տարբերակվածությունը, հասունացման գործընթացը չի արագացնում ուսուցումը։ Որպես ապացույց՝ գեշտալտիստները փնտրում էին ինչպես ճանաչողական գործընթացների (ընկալում, մտածողություն) ձևավորման ուսումնասիրման, այնպես էլ երեխայի անձի զարգացման մեջ։

Կոֆկայի լաբորատորիայում անցկացված հետազոտությունները երեխաների մոտ ընկալան զարգացման վերաբերյալ ցույց են տվել, որ երեխան ունի անորոշ և ոչ այդքան ադեկվատ պատկերներ արտաքին աշխարհի մասին։ Աստիճանաբար, կյանքի ընթացքում այդ պատկերները տարբերակվում են և ավելի հստակ դառնում։ Այսպես, նորածին երեխաների մոտ կա մարդու անորոշ պատկեր, որի գեշտալտի մեջ մտնում են ձայնը, դեմքը, մազերը և բնորոշ շարժումները։ Դրա համար էլ 1-2 ամսական փոքրիկ երեխան կարող է չճանաչել նույնիսկ մոտիկ մարդուն, եթե նա փոխել է մազերի ձևը, ծանոթ հագուստը[3]։ Սակայն, արդեն առաջին կեստարվա ավարտին այդ անորոշ պատկերը բաժանվում է՝ վերափոխվելով այլ հստակ պատկերների․ դեմքը, որում առանձնանում են ինչպես աչքերի․ բերնի, մազերի գեշտալտները, հայտնվում են և ձայնի, մարմնի պատկերներ։ Զարգանում է և գույնի ընկալումը։ Սկզբում, երեխաները ընկալում են շրջապատը միայն որպես գունավոր և անգույն, ընդ որում, ամգույնն ընկալվում է որպես ֆոն, իսկ գունավորը՝ ֆիգուրա։ Աստիճանաբար, գունավորը բաժանվում է տաքի և սառի․ արդյունքում երեխաներն առանձնացնում են արդեն «ֆիգուրա-ֆոնի» մի քանի հավաքներ։ Ժամանակի ընթացքում այդ պատկերները նույնպես բաժանվում են. տաքի մեջ առանձնանում են դեղինը և կարմիրը, իսկ սառի մեջ՝ կանաչն ու կապույտը։ Այս գործընթացը տեղի է ունենում երկար ժամանակահատվածի ընթացքում, երբ երեխան սկսում է ճիշտ ընկալել բոլոր գույները։ Այս կերպ, Կոֆկան եկել է այն եզրակացության, որ ընկալման զարգացման մեջ մեծ դեր է խաղում ֆիգուրա-ֆոնի համադրությունը, որում ցուցադրվում է տվյալ առարկան։ Նա ձևակերպել է ընկալման կանոններից մեկը՝ տրանսդուկցիան, որն ապացուցում է, որ երերխաներն ընկալում են ոչ թե գույներն, այլ դրանց կապերը[4]։

 
Մոտիկության սկզբունք. նկարի աջ մասն ընկալվում է որպես երեք սյունակներ

Երեխաների մոտ ընկալման զարգացումը հետազոտել է գեշտալտ դպրոցի նռրկայացուցիչներից մեկը՝ Հանս Ֆոլկլետը, որը մեծ ուշադրություն է դարձրել երեխաների նկարների ուսումնասիրմանը՝ ցույց տալով, որ նրանք նկարում սկզբում օգտագործում են 2 նման գեշտալտներ, իսկ ժամանակի ընթացքում տեղի է ունենում նրանց միավորումը և շտկումը[5][6]։

 
Փակվածության սկզբունք, նկարն ընկալվում է ոչ թե որպես առանձին կտրվածքներ, այլ որպես շրջան և ուղղանկյուն

Ընկալման գեշտալտ տեսություն

խմբագրել

Գեշտալտ հոգեբանների կողմից առանձնացվում են երկու աշխարհներ. ֆիզիկական օբյեկտների աշխարհը, որն արտացոլվում է մեր զգայական ապրումների կողմից և մեր զգայությունների սեփական աշխարհը։ Զգայության աշխարհում ֆիզիկական ազդեցություններն արտացոլվում են երկակիորեն. գլխուղեղի գործընթացների ֆիզիոլոգիական էությամբ և ֆենոմենալ կամ հոգեբանական էությամբ։ Ֆիզիոլոգիական գործընթացների և հոգեկանի միջև կապը հիմնված է նրանց միջև գործող իզոմորֆիզմի՝ հավասարաչափության վրա, այսինքն՝ ըստ գեշտալտիստների՝ ընկալման պատկերների ձևավորումը հիմնված է գլխուղեղի ակտիվության վրա։ Գեշտալտ ընկալման օբյեկտիվ բնույթն արտահայտվում է Կոֆկայի հարցադրման մեջ «ինչու՞ ենք մենք տեսնում այն, ինչ տեսնում ենք» և «ինչու՞ այն, ինչ մենք տեսնում ենք, օգնում է մեզ ադեկվատ կողմնորոշել շրջապատող իրականության մեջ»։ Այս հարցին գեշտալտ հոգեբանությունը տալիս է հանընդհանուր պատասխան. գեշտալտ կանոնները միասնական են և՛ ֆիզիկական, և՛ հոգեֆիզիոլոգիական աշխարհի համար[7]։

Ընկալման ուսումնասիրման համար մտցրվել է «ֆենոմենալ դաշտ» հասկացությունը։ Ընկալման պատկերների վերլուծության համար ֆենոմենալ դաշտի սահմաններում հանդես է գալիս գեշտալտը՝ ամբողջական պատկեր, որի հիմքում ընկած է զգայությունը՝ արտացոլելով արտաքին էներգիաների ազդեցությունը։ Ֆենոմենալ դաշտն առանձնացնում է պոտենցիալ էներգիայի այն քանակը, որը վերածվում է ճանաչողական աշխատանքի՝ ընկալման պատկերների ձևավորման աշխատանքի։

Վերթհայմերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր ընկալման մեջ ամբողջական պատկերների ձևավորումը պատճառականացված է մի կարևոր սկզբունքով՝«լավ ձև միտում», համաձայն որի՝ արտաքին աշխարհի տարրերը միավորվում են գեշտալտում առավելագույն պարզության և կարգավորման սկզբունքով, այսինքն՝ մեր ֆենոմենալ դաշտում գործում է միտում՝ միավորել զգայական տարրերը պարզ կառուցվածքում, ինչը հնարավոր է միայն որոշակի ազդեցության պայմաններում։ Օրինակ՝ եթե մենք երաժշտություն ենք լսում, որում որոշ նոտաներ աղավաղված են, մենք ուղղակի չենք նկատում դա և ընկալում ենք երաժշտությունն ամբողջությամբ։ Այս կերպ, գեշտալտ հոգեբանության նրանում է, որ վերջինս ընկալման մեջ հայտնաբերել է ավելին, քան զգայությունը. ճանաչողական գեշտալտի ձևավորումը ոչ թե զգայական ինֆորմացիայի սինթեզ է, այլ ֆիզիկական աշխարհի ամբողջական զգայական արտացոլում[8]։

Գոյություն ունեն գործոններ, որոնց համաձայն՝ ֆիզիկական աշխարհի տարրերը միավորվում են ճանաչողական գեշտալտներում ֆենոմենալ դաշտի մեջ։ Դրանք են.

  • Մոտիկություն. գեշտալտում միավորվում են միմյանց մոտ գտնվող տարրերը։
  • Նմանություն. գեշտալտ ձևավորում են նման տարրերը։ Օրինակ՝ ձևով, գույնով, մեծությամբ։
  • «Ընդհանուր ճակատագիր». եթե ընկալվող տարրերի խումբը խառնվում է կամ շարժվում այլ խմբի հետ նույն արագությամբ, միավորվում են գեշտալտում։
  • «Լավ գիծ». առանձնացնում է երկու կամ ավելի հատվող կամ հպվող գծերի ընտրողականությունը։
  • Օբյեկտիվ հաստատում. մեկ անգամ ընկալված կառույցը միտում ունի, որ կընկալվի համանման իրավիճակներում։
  • Փակվածություն, մեկուսացում. մենք միշտ փորձում ենք ավարտին հասցնել անավարտ ֆիգուրները՝ լրացնելով գոյություն ունեցող գծերը։
  • Տրանսպոզիցիա(վերադաշնակում). ճանաչողական պատկերը հաստատուն է իր կազմի մեջ մտնող տարրերի փոփոխման նկատմամբ։ Լավագույն օրինակ է ընկալման կոնստանտությունը (հաստատունությունը)։ Օրինակ՝ երաժշտության ընկալումը նույնն է տարբեր տոնայնությունների դեպքում։

[2][8]:

Գեշտալտիստները չեն մերժում զուգորդումների սկզբունքը՝ գտնելով որ ընկալումը ոչ միայն առանձին զգայությունների զուգորդումն է, այլև կառուցվածքային կազմակերպվածություն, ինչի շնորհիվ մենք կարող ենք տեսնել ամբողջականությունը՝ առանց նրա մասերի կամ տեսնել ամբողջականությունը՝ մեր աչքի առաջ ունենալով նրա բոլոր զգայական հատկանիշները[9][10]։

Ֆիգուրա-ֆոն

խմբագրել

Ընկալման կարևոր առանձնահատկությունն է ֆիգուրա-ֆոնի հարաբերակցությունը. ֆենոմենալ դաշտը միշտ կառուցվածքավորված է որպես ֆիգուրա և նրան շրջապատող ֆոն։ Ֆիգուրան և ֆոնը ֆիզիկապես տարբերվում են իրարից։ Բացի այդ, մենք ունակ ենք նաև բաժանել մեր տեսողական դաշտը և ընկալել նրա առանձին մասերը։ Էվոլյուցիոն տեսանկյունից՝ ֆիգուրան ֆոնից առանձնացնելը լիովին արդարացված է, քանի որ մեր տեսողական համակարգը ունակ է ընկալելու և՛ տարբեր ֆոների վրա գտնվող առարկաները, և՛ միևնույն ֆոնի վրա գտնվող առարկաները, ընդ որում երկչափ տարածության (հարթություն) և եռաչափի համար։ Նկարի վրա եռաչափ տարածության ընկալումը պատրանք է, որի հիմքում ընկած է ճշգրիտ մեխանիզմ. այն ակտիվացվում է հարթության վրա խորության և հեռավորության հատկանիշների միջոցով[11]։

Էդգար Ռուբինն առանձնացրել է ֆիգուրայի և ֆոնի հիմնական տարբերությունները.

  • Ֆիգուրան ունի հստակ ձև, ուրվագիծ, երբ ֆոնն ընկալվում է որպես սուբստանցիա, որն այդ ձևը չունի։
  • Թվում է, թե ֆիգուրան մեզ ավելի մոտ է և նրա տեղադրվածությունը տարածության մեջ տեղայնացված է՝ ի տարբերություն ֆոնի, որը երկրորդ պլանում չունի հստակ տեղայնացում։
  • Ֆիգուրան ավելի պայծառ է ֆոնի համեմատ. այն ավելի հեշտ է հիշվում և ավելի մեծ ազդեցություն է թողնում մեզ վրա։

Ինչպես նշում են Կոֆկան, Ռուբինը, ֆիգուրայի և ֆոնի ընկալման գործում մեծ դեր ունի լուսավորությունը։ Ընդ որում, առարկաներից անդրադարձող և աչքի ցանցաթաղանթ ընկնող լույսը չի փոխվում ժամանակի մեջ, իսկ ձևավորված գեշտալտը՝ մեև ընկալած պատկերը, փոխվում է՝ դառնալով մեկ ֆիգուրա, մեկ ֆոն։ Այս փոփոխության հետևանքով փոխվում է նաև տեսողական պատկերը։ Ըստ դրա՝ գեշտալտ հոգեբանության սահմաններում ֆիգուրա-ֆոն ֆենոմենի ուսումնասիրումը ցույց է տվել, որ մեր ընկալման դաշտում առկա են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության խիստ օրինաչափություններ։ Ֆիգուրա-ֆոնի տարբերակումը հիմնարար նշանակություն ունի, ուստի դրանց ընկալումը ուսուցման կարիք չունի և կախված չէ մարդու նախկին փորձից։ Ավելին, հնարավոր չէ պատկերացնել մի ֆիգուրա՝ առանց ֆոնի, ճիշտ է նաև հակառակը. ֆոնը մեր ընկալման մեջ չի կարող ինքնուրույն հանդես գալ։ Ֆոնը մեծ դեր ունի ճանաչողական պատկերի ձևավորման գործում. դա այն ընդհանուր մակարդակն է, որի վրա հանդես է գալիս ֆիգուրան[12]

 
Ռուբինի գավաթը. ընկալման երկիմաստություն՝ ֆիգուրա-ֆոնի համադրությամբ պայմանավորված:

Այսպիսով, ֆիգուրայի և ֆոնի տարբերակումը ընկալման ֆունդամենտալ գործառույթն է։ Ընդ որում, ֆիգուրա-ֆոնի նեյրոֆիզիոլոգիական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսողական կեղևի նեյրոնները, որոնք ընկալում են ֆիգուրան, ավելի ակտիվ են գործում, քան ֆոնն ընկալող նեյրոնները։ Սակայն, ֆիգուրա-ֆոնի ընկալումը տեսողական գրգռիչների ուղղակի ռեակցիա չէ, այլ ընդհակառակը, այն պահանջում է տեսողական ինֆորմացիայի վերամշակում՝ որպես մեկ ամբողջություն, կատարվում է տարածության վերակազմավորում[7]։

Մտածողության գեշտալտ տեսություն

խմբագրել

Մարդու մտածողության գեշտալտ հետազոտություններին է նվիրված Վերթհայմերի անավարտ գիրքը՝ «Պրոդուկտիվ մտածողություն(1945)»[13]։ Մտածողությունը ինսայթային է, իսկ ինսայթը ենթադրում է ամբողջի ըմբռնում։ Վերթհայմերը հանդես է եկել դպրոցներում ավանդական ուսուցման պրակտիկայի դեմ։ Այդ պրակտիկայի հիմքում ընկած են մտածողության երկու հայեցակարգեր՝ ասոցիանիստական և ֆորմալ-տրամաբանական, որոնք խոչընդոտում են ստեղծագործական, արդյունավետ մտածողության զարգացմանը։ Վերթհայմերը ցույց է տվել, որ մտածողությունը կախված է սխեմայից, որով էլ հանդես են գալիս խմդրի կամ խնդրային իրավիճակի պայմանները։ Սխեմայի ադեկվատությունից էլ կախված է լուծման ճշգրտությունը, ընդ որում, լավ սխեման հնարավորություն է տալիս այն դիտարկել տարբեր տեսանկյուններից, այսինքն՝ իրավիճակի մեջ ներառված տարրերից ստեղծել տարբեր գեշտալտներ։ Նոր պատկերների ստեղծման գործընթացը հենց ստեղծագործելու գործընթացն է[13]։

Ինսայթի մասին գաղափարը գլխավոր նշանակություն ուներ գեշտալտ հոգեբանության մեջ։ Նրան վերագրվել է ունիվերսալ բնույթ։ Այն հիմք էր գեշտալտիստների համար վարքի ադապտիվ ձևերի բացատրման համար։ Քյոլերը գտնում է, որ ուսուցումը բերում է նոր կառուցվածքի ձևավորմանը և հետևաբար իրավիճակի այլ ընկալման և գիտակցման։ Այն պահին, երբ երևույթն անցնում է այլ իրավիճակ, այն ձեռք է բերում նոր գործառույթ։ Նոր համադրությունների ու նոր գործառույթների այսպիսի գիտակցումը նոր գեշտալտի ձևավորում է, որի գիտակցումը կազմում է մտածողության էությունը։ Քյոլերն այս գործընթացն անվանել է «գեշտալտի վերակառուցվածքավորում», այն տեղի է ունենում ակնթարթորեն և կախված է սուբյեկտի անցած փորձից։ Հենց այդ ակնթարթն էլ ինսայթ՝ փայլատակում («ահա՛-կռահում»)[5][7]։

Պահանջմունքների, աֆեկտների գեշտալտ ուսումնասիրություն

խմբագրել

Գեշտալտ հոգեբանության մեջ կարևորագույն ոլորտ է ներկայացնում պահանջմունքների, կամքի, աֆեկտների հետազոտությունը, որը գլխավորապես կապված է Կուրտ Լևինի (1890- 1947) անվան հետ[14]։ Նրա տեսությունը հիմված է ճշգրիտ գիտությունների՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի վրա։ Լևինը կենտրոնացել է ոչ թե իմացական գործընթացների, այլ անձի ուսումնասիրման վրա։ Անձի իր տեսությունը Լևինը մշակել է գեշտալտ հոգեբանության ընթացքի մեջ՝ այն անվանելով «հոգեբանական դաշտի տեսություն»։ Նա ելնում է այն փաստից, որ անձն ապրում է և զարգանում իրեն շրջապատող առարկաների հոգեբանական դաշտում, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի վալենտականություն։ Լևինի փորձերը ցույց են տվել, որ յուրաքանչյուր մարդու համար այդ վալենտականությունն ունի իր նշանը, թեև միաժամանակ կան առարկաներ, որոնք բոլորի համար ունեն միևնույն գրավիչ կամ վանող ուժը։ Ազդելով մարդու վրա առարկաները նրա մոտ առաջացնում են պահանջմունքներ, որոնք Լևինը դիտարկում էր որպես էներգետիկ լիցքեր, որոնք մարդու մոտ առաջացնում են լարվածություն. այս վիճակում մարդը ձգտում է լիցքաթափվել, այսինքն՝ պահանջմունքի բավարարման։ Լևինն առանձնացրել է երկու տեսակի պահանջմունքներ՝ կենսաբանական և սոցիալական (քվազիպահանջմունքներ)։

Անձի կառուցվածքում պահանջմունքները մեկուսացված չեն, այլ գտնվում են միմյանց հետ կապի մեջ՝ որոշակի հիերախիայում։ Դրա հատ մեկտեղ՝ միմյանց հետ կապված քվազիպահանջմունքերը կարող են փոխանակվել իրենց էներգիայով։ Այս գործընթացը Լևինն անվանել է լիցքավորված համակարգերի հաղորդակցություն։ Հաղորդակցման հնարավորությունը արժեքավոր է նրանով, որ մարդու վարքը դարձնում է ավելի ճկուն, թույլ է տալիս հաղթահարել կոնֆլիկտներ, տարբեր բարդույթներ և գտնել բավարարող ելք բարդ իրավիճակներից։ Դա ընդլայնում է նրա հարմարման հնարավորությունները[15]։ Լևինն այն կարծիքին էր, որ ոչ միայն նևրոզները, այլև իմացական գործընթացների առանձնահատկությունները կապված են պահանջմունքների լարվածության կամ լիցքաթափման հետ։

Լևինի հետազոտություններն ապացուցել են, որ ոչ միայն տվյալ պահին գոյություն ունցեող իրավիճակը, այլև նրա կանխատեսումը, միայն մարդու գիտակցության մեջ գոյություն ունեցող առարկաները կարող են որոշել նրա գործունեությունը։ Վարքի նման իդեալական դրդապատճառների առկայությունը մարդուն հնարավորություն է տալիս հաղթահարելու դաշտի անմիջական ազդեցությունը, «վեր կանգնելու դաշտի նկատմամբ»։ Այս կերպ, Լևինը հանգել է կարևոր՝ ժամանակային հեռանկարի հասկացությանը, որը պայմանավորում է մարդու վարքը կյանքի տարածությունում և հիմք է հանդիսանում սեփական կյանքի անցյալի և ամբողջական ընկալման համար։ Ժամանակային հեռանկարի դրսևորումը հնարավորություն է տալիս հաղթահարելու շրջապատող դաշտի ճնշումը, որը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ մարդը գտնվում է ընտրության իրավիճակում[16]։

Երեխայի անձի ձևավորման համար մեծ նշանակություն ունի դաստիարակչական հնարների համակարգը, մասնավորապես պատժի և խրապուսանքի։ Լևինը կարծում էր, որ երեխայի կողմից չկատարված պարտքի համար պատիժը երեխային դնում է ֆրուստրացիայի իրավիճակի մեջ, քանի որ նա գտնվում է երկու արգելքների մեջ։ Լիցքաթափման համար երեխան կարող է ընդունել պատիժը կամ կատարել անցանկալի առաջադրանքը, սակայն նրա համար ավելի հեշտ է փորձել դուրս գալ դաշտից (թեկուզ երևակայական պլանով)։ Դրա համար էլ պատիժների համակարգը, ըստ Լևինի, չի նպաստում կամային վարքի զարգացմանը, այլ միայն մեծացնում է լարվածությունը և երեխաների ագրեսիվությունը։ Առավել դրական է խրախուսանքների համակարգը։ Իսկ առավել օպտիմալ է այն համակարգը, որի դեպքում երեխան հնարավորություն է ստանում կառուցել ժամանակային հեռանկար տվյալ դաշտի արգելքը հաղթահարելու համար[17]։

Լևինը ստեղծել է հետաքրքիր հոգեբանական մեթոդների հավաք։ Դրանցից մեկը հուշել է բեռլինյան ռեստորաններից մեկում մատուցողի վարքի դիտումը, ով լավ հիշում էր այցելուների գումարի չափը՝ նախքան վճարելը և միանգամից մոռանում էր, երբ հաշիվն արդեն վճարված էր։ Ենթադրելով, որ տվյալ դեպքում թվերը պահվում են հիշողության մեջ՝ շնորհիվ լարվածության համակարգի և անհետանում դրա լիցքաթափմամբ[5]։

Լևինն առաջարկել է իր աշակերտ Բլյումա Զեյգարնիկին փորձարարական ճանապարհով ուսումնասիրել անավարտ և ավարտված գործողությունների մտապահման տարբերությունները։ Գիտափորձերը հաստատել են Լևինի կանխատեսումը։ Անավարտ գործողությունները մտապահվել են երկու անգամ ավելի լավ։ Ուսումնասիրվել են մի շարք ֆենոմեններ, որոնք բացատրվում էին՝ ելնելով հոգեբանական դաշտում լարվածության դինամիկայի դրույթից։ Հաստատված կախվածությունը հոգեբանության եմջ հայտնի է որպես «Զեյգարնիկի էֆեկտ» կամ «Զեյգարնիկի գործակից», որն արտացոլում է անավարտ և ավարտված գործողությունների կապը[2][18]։

Լևինյան մոտեցումն առանձնացնում է երկու պահ. առաջինն անցում է կատարում այն պատկերացումից, որ դրդապատճառի էներգիան փախված է օրգանիզմի սահմաններում՝ դեպի «օրգանիզմ-միջավայր» համակարգին։ Անհատն ու նրա միջավայրը հանդես են գալիս անբաժանելի դինամիկ ամբողջի տեսքով։ Երկրորդը՝ հակադրումն է այն պատկերացմանը, որ մոտիվացիան կենսաբանական հաստատուն է։ Լևինի կարծիքով մոտիվացիոն լարվածությունը կարող է ստեղծվել և՛ անհատի, և՛ այլ մարդկանց կողմից։ Դրանով իսկ մոտիվացիան ձեռք է բերել հոգեբանական կարգավիճակ։

Լևինի կողմից բացահայտվել են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հավակնությունների մակարդակը և «անադեկվատության էֆեկտը», որը դրսևորվում է մարդուն իր իսկ պատկերացումների սխալականությունը ցույց տալու փորձերում։ Վերջինս կարևոր դեր է խաղացել անձի հոգեբանության մեջ շեղվող վարքի հասկացման համար։

Հետագայում Լևինը դարձել է նաև «խմբային դինամիկա» կոչվող ուղղության նախաձեռնող։ Խմբի էությունը, ըստ նրա, ոչ թե անդամների նմանությունն է կամ տարբերությունը, այլ նրանց փոխկախվածությունը։ Խումբը կարող է բնորոշվել որպես «դինամիկ ամբողջ»։ Դա նշանակում է, որ նրա մի մասի փոփոխությունը փոխոււմ են նաև մյուսները։ ԱՄՆ-ում Լևինը զբաղվել է խմբային տարբերակման, շփման ոճերի տիպաբանության հարցերով։ Նրան է պատկանում առավել տարածված ոճերի նկարագրությունը (դեմոկրատական, հեղինակային և այլն), ինչպես նաև խմբում լիդերների առանձնացմանը նպաստող պայմանների ուսումնասիրությունը։ Դրանք հիմք են սոցիալական հոգեբանության ուղղվածության համար։ Այս կերպ, Լևինը դարձել է սոցիալական հոգեբանության, անձի հոգեբանության շատ ոլորտների հիմնադիր[19][20]։

Հույզերի գեշտալտ ուսումնասիրություն. Կուրտ Կոֆկա

խմբագրել

Հույզերի առաջադրվող տեսութունը նշանակալից չափով պարտական է Լևինի և նրա դպրոցի կողմից զարգացրված պատկերացումներին։ Վերջինս գլխավորապես հիմնվում է այդ դպրոցի երկու հետազոտությունների՝ Անիտա Կարստենի (1928) և Թամարա Դեմբոյի (1931) աշխատանքների վրա։

Դեմբոյի հետազոտություն

խմբագրել

Դեմբոյի հետազոտությունը գործ ունի զայրույթի ժամանակ դինամիկ իրավիճակի վերլուծության հետ։ Նրա կողմից օգտագործված հետազոտական հնարն այն է, որ փորձարկվողին առաջադրել են անլուծելի խնդիր (ընտրվել է այսպիսի խնդիրների երկու տեսակ) և պահանջել նրան լուծել։ Գիտափորձը տևել է մեկ կամ երկու ժամ, և որպես կանոն, շարունակվել հաջորդ օրը։ Փորձարկողը և հատուկ արձանագրողը գտնվել են միևնույն սենյակում փորձարկվողի հետ և ժամանակ առ ժամանակ կապ են հաստատել նրա հետ։ Բոլոր դեպքերում ծագել են զայրույթի իսկական հույզեր, որոնք դրսևորվել են վիճաբանություններում, սպառնալիքներում, կործանելու ցանկություններում և գործողություններում. նույնիսկ մի դեպքում փորձարկվողը դուրս է եկել սենյակից, և նրան գտել են այլ սենյակում արցունքներով[21][22]։

Զայրույթի դինամիկա

խմբագրել

Այս հույզի կոնկրետ ախտանշանները կամ արտահայտությունները փոխվում են դեպքից դեպք, բայց դինամիկ իրավիճակի որոշակի հիմնական գծեր միշտ նույնն են։ Մեջբերելով Դեմբոյին՝ «Այդ բոլոր գործընթացները, հանդես գալով բազմատեսակ դինամիկությամբ, կարող են դուրս բերվել մի քանի հիմնական գործոններից` հարաբերականորեն միատեսակ միջոցով։ Տվյալ իրավիճակի տոպոլոգիայի և դաշտի ուժերի հիման վրա ծագում է կոնֆլիկտ, այսինքն՝ տարբեր ուղղվածությամբ ուժերի դիմադրություն։ Իրավիճակի աճող անհուսալիությունը առաջացնում է ուժեղ լարվածություն, որը միևնույն ժամանակ հանգեցնում է այդ դաշտի սահմանների թուլացմանը և ապակառուցմանը (դեսրտրուկցիային)»։

Դեմբոյի աշխատանքում չափազանց մեծ ուշադրություն է դարձրվել այդ լարվածությունների գրգռման բոլոր փուլերին և դրանց հաջորդականությանը։ Դիտարկենք նրանցից որոշները։ Ո˚րն է այդ լարվածությունների պատճառը։ Դեմբոյի պատասխանն այսպիսինն է. բարիերների (պատնեշների) գոյություն, որոնք շրջափակում են գործողությունը։ Այդպիսի բարիերները երկուսն են. առաջինը ներքին բարիերն է, որը խանգարում է փորձարկվողին լուծել խնդիրը։ Այն կարող է լինել կամ կենտրոնանալ իրական ֆիզիկական բարիերի վրա, այն կարող է լինել և ուղղակի առաջադրանքի անհաղթահարելի դժվարություն։ Այս բարիերը շուտով ձեռք է բերում պահանջի բացասական բնույթ, ուստի փորձարկվողը հայտնվում է ուժերի կոնֆլիկտային դաշտում. նա ուղղորդվում դեպի բարիերը առաջադրանքի և նպատակից եկող դրական պահանջի վեկտորով, և այն հետ է մղվում բարիերից` նրա պահանջի բացասական բնույթի պատճառով։ Այս երկու վեկտորների հարաբերական ուժն անընդհատ չէ, փորձարկվողը կարող է ժամանակ առ ժամանակ մղվել կամ հետ քաշվել բարիերից, այսինքն՝ շարժվել դեպի բարիերը կամ շարժվել բարիերից։ Այս տատանումն իրականում «ամենազարմանալի և բացարձակ կանոնավոր ֆենոմեններից մեկն է»։ Սակայն, եթե բարիերի բացասական վեկտորը ուժեղ է, քան դրականը, ապա ինչու˚ փորձարկվողը «լավով չի հեռանում»։ Վերջինիս խոչընդոտում է երկրորդ՝ արտաքին բարիերը, որը կարող է լինել կամ ֆիզիկական կամ մեծ մասամբ հոգեկան։ Առօրյա կյանքում արտաքին բարիերները հաճախ որոշվում են սովորույթներով, պահելաձևով և բարոյական նորմերով։ Արտաքին բարիերը սահմանափակում է փորձարկվողի շարժման ազատությունը. հիմա նա արդեն չի կարող ենթարկվել ներքին բարիերի բացասական ուժին, բայց պետք է մնա դաշտի ներսում՝ այսինքն՝ ենթարկված մնա դաշտի ուժերին։ Դրա համար էլ նա նորից ու նորից «հարձակվում է» բարիերի վրա և նորից ու նորից «շպրտվում նրանից» և այսպես անվերջ՝ աճող լարվածության ընթացքում։ Այդ լարվածությունն՝ իր ամբողջ աճող աստիճանով, պայմանավորում է փորձարկվողի վարքը, այն դրսևորվում է ոչ միայն նրա արտաքին վարքում, այլև մտքերում։ Գոյություն ունի, ըստ երեևույթին, միայն մեկ ելք այս տանջալից իրավիճակից. «թռչել» արտաքին բարիերի միջով, թեև մինչ այդ փորձարկվողը արհամարհել է այս տեսակի բոլոր փորձերը։ Այնուամենայնիվ, հույսը երկար ժամանակ պահպանվում է փորձարկվողի մոտ և ինչքան մեծանում է լարվածությունը, այնքան քիչ հիմնավորումներ են պահանջվում այդպիսի հույսի համար։

Զայրույթի արտահայտումը՝ որպես այս լարվածության արդյունք, գոյություն ունի այս գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ հաճախ տարբերվելով ավելի շատ իր ֆունկցիոնալ նշանակությամբ, քան դրսևորման ձևով։ Զայրույթի արտահայտումը և հենց զայրույթը չպետք է նույնացվեն։ Առաջին հերթին, զայրույթի արտահայտումն անցնում է շատ հեշտ։ Այդպիսի պոռթկումները լիցքաթափում են լարվածությունն այն ուղղություններով, որոնք իրական թեթևացում չեն տալիս, և դրա համար էլ սովորաբար մեծացնում են լարվածությունը՝ էգոյի նոր համակարգերի ներառման շնորհիվ։ Արդյունքում, փորձարկվողը արգելակում է այդպիսի պոռթկումները դաշտի այլ մասերից իր էգոյի ավելի ու ավելի մեկուսացման միջոցով։ Այս կերպ, առաջանում է Էգո-դաշտի կազմակերպվածության փոփոխություն, որը, խոչընդոտելով լիցքաթափմանը, նպաստում է ներքին լարվածությունների աճին։ Դրանով իսկ, Էգոյի և դաշտի ու Էգո-համակարգի առանձին մասերի միջև բաժանող «պատերը» ընկնում են բարձր ճնշման տակ, որոնց նրանք, ի վերջո, զիջում են։ Զզվանքը բարիերի նկատմամբ, որի մի մասն այդ գիտափորձերում կազմում է հենց փորձարկողը, տարածվել է. ամբողջ շրջապատը հանդես է եկել հիմա արդեն որպես տարբերակված թշնամական դաշտ, ամբողջ դաշտը դարձել է այս կամ այն չափով քաոսային։ Միևնույն ժամանակ, ներքին անջրպետները էգոյում ճնշվել են, կենտրոնական միջուկը, «Ես»-ը ավելի ու ավելի է ներգրավվել տեղի ունեցողի մեջ, համակարգը կորցրել է իր մեկուսացումը և լիցքաթափել է իր լարվածությունը՝ անկախ դաշտի մյուս ուժերից. փորձարկվողը սկսում է խոստովանել փորձարկողին իր ինտիմ անձնային գաղտնիքների մասին՝ միաժամանակ ատելով նրան։ Երբ, վերջապես լարվածությունը դարձել է չափազանց ուժեղ, տեղի է ունեցել աֆեկտիվ պոռթում, որը եղել է այնքան ուժեղ, ինչքան էգոն անջատ է դաշտի հետ կոմմունիկացիայից։ Ոչ ամեն բռնկում է իրական թուլացում պատճառել, քանի որ այդ բռնկումները չեն կարողացել փոխել լարվածությունը պահող պայմանները։ Դրա փոխարեն նրանք առաջացրել են նոր լարվածություն. փորձարկվողը սկսում է ամաչել իր գործողություններից և տանջվել նոր լարվածություններից, որը բխում է այդ ամոթից։ Ինչպես ամեն ինչ կփոխվեր, եթե փորձարկողն ասեր փորձարկվողին. «Ձեր առաջադրանքն անլուծելի է, դուք արել եք ամեն ինչ, ինչ ձեզնից խնդրել են, կարող եք գնալ»։ Դա կհաներ բոլոր սկզբնական լարվածությունները, թեև զայրույթի գործողություններով առաջացած լարվածությունները կարող էին մնալ և կլինեին անմիջականորեն ուղղված փորձարկողին հակառակ, որը բոլոր անհանգստություների պատճառն էր։

Դեմբոյի վերջին գիտափորձերն ապացուցում են այն, որ հաճախ կարող է ծագել «օբյեկտային» զայրույթ, անձին չուղղված զայրույթ։ Այդպիսի գիտափորձերում փորձարկվողը մենակ էր սենյակում և իր հրահանգը ստացել էր թղթի վրա գրված, իսկ փորձարկողը հարևան սենյակում էր, որտեղից կարող էր դիտել փորձարկվողին[23]։

Կարստենի հետազոտությունը

խմբագրել

Կարստենի առավել վաղ հետազոտությունը համաձայնեցվում է Դեմբոյի արդյունքների հետ։ Կարստենի հետազոտական խնդիրը ոչ թե հենց հույզերն էին, այլ հագեցվածությունը, այսինքն՝ ֆենոմեն, որը կայանում է նրանում, որ միևնույն առաջադրանքի կրկնությունների թվաքանակի աճի դեպքում որոշակի պայմաններում առաջանում են նշանակալից ուժեր, որոնք դժվարացնում և ի վերջո արգելափակում են աշխատանքի շարունակումը։ Փորձարկվողներին տվել են տարբեր առաջադրանքներ և առաջարկել լուծել դրանք այնքան երկար, որքան կարող էին։ Սակայն, երբ նրանք արդեն հակված էին դադարեցնել աշխատանքը, փորձարկողը խրախուսում էր նրանց՝ շարունակելու (օրինակ՝ բանաստեղծությունների ընթերցումը)։ Դինամիկ իրավիճակը շատ առումներով նման էր Դեմբոյի հետազոտություններին։ Առաջադրանքը դառնում էր կապված ուժեղ բացասական վեկտորի հետ, որը «դրդում է փորձարկվողին դուրս գալ իրավիճակից»։ Բայց այստեղ էլ նա չի կարող լքել դաշտը արտաքին բարիերի պատճառով, որն, ինչպես Դեմբոյի հետազոտություններում, սահմանվում է ամբողջ իրավիճակով։ Արդյունքում, Դեմբոյի փորձերի նման ծագում են ուժեղ լարվածություններ, որոնք հաճախ հանգեցնում են հուզական պոռթկումների[24]։

Հագեցվածության դինամիկա

խմբագրել

Հոգեբանության մեջ Կարստենի աշխատանքի հիմնական ներդնումը կայանում է, իհարկե, հագեցվածության ծագման ուսումնասիրության մեջ, այսինքն՝ փորձ՝ բացատրելու, թե ինչու առաջադրանքի շարունակական լուծումը առաջացնում է այնպիսի ուժեր, որոնք ուղղված են նրա շարունակմանը՝ հակառակ ներքին բարիերի։ Ներքին բարիերի բացասական բնույթը Դեմբոյի գիտափորձերում հասկանալը դժվար չէ. չէ˚ որ ներքին բարիերը գտնվում է փորձարկվողի և նպատակի միջև։ Այստեղ չկա առաջադրանքի կատարման ոչ մի խոչընդոտ, և այնուամենայնիվ ծագում է ներքին բարիերի նման մի բան, որոշակի գործոն կանխում է լարվածության հանումը, որը համապատասխանում է խնդրի լուծմանը։ Հրահանգը հանգեցնում է որոշակի քվազիպահանջմունքի ձևավորմանը և դրանով իսկ՝ լարվածության կտրուկ աճին։ Կարելի է այս փաստն արտահայտել՝ ասելով, որ որոշակի պայմաններում առաջադրանքի կատարումը փոխարենը լարվածությունը հանելու, ուժեղացնում է այն։ Ինչպիսի˚ն են այս էֆեկտի պայմանները և ինչու˚մն է նրա պատճառը։ Որպեսզի պատասխանել այս հարցին, լավ կլիներ համեմատել այդ իրավիճակները նրանց հետ, որոնցում հագեցվածություն տեղի չի ունենում։ Փորձարկվողներից մեկը հրաժարվել է փորձը շարունակել միայն առաջադրանքի կատարումից 1 ժամ 20 րոպե հետո։ Դրանից առաջ նա դրսևորել է անհամբերության հատկանիշներ, նրա աշխատանքը վատանում էր և նա կարիք ուներ լրացուցիչ խրախուսման՝ համբերելու համար։ Մի քանի օր հետո նույն փորձարկվողն աշխատել է 2.5 ժամ՝ առանց հագեցման. նրա աշխատանքի որակն այդ ժամանակահատվածի ավարտին նույնքան լավն էր, որքան սկզբում, և գիտափորձն ընդհատվել էր հենց փորձարկողի կողմից, իսկ փորձարկվողը պատրաստ էր աշխատանքը շարունակել։ Այս արդյունքի պարադոքսալությունը կվերանա միանգամից, եթե մենք միայն իմանանք, որ երկրորդ անգամ փորձարկվողը հետաքրքրված էր այն հարցով, թե արդյո˚ք ինքն ունակ է շարունակել «այնքան, որքան կուզի», այն դեպքում, երբ նախորդ փորձում նա կենտրոնացած չէր առաջադրանքի վրա այն ձևով, որով վերջինս առաջադրվել է։

Փորձարկվողի կողմից լուծված այս երկու առաջադրանքները դինամիկ տեսանկյունից միանգամայն տարբեր էին։ Թեև երկրորդ դեպքում առաջադրանքի կատարումն իրական լուծում չէր, այնուամենայնիվ յուրաքանչյուր նոր լուծում փորձարկվողին մոտեցրել է առաջադրանքի կատարմանը՝մինչև նա չընդհատի ինքը։ Եվ եթե դա տեղի է ունեցել, իրական առաջադրանքը կատարվել է, իսկ լարվածությունն ամբողջությամբ թուլացել։ Այստեղ պատճառ չկա լարվածության աճի համար։ Եվ, ընդհակառակը, առաջին դեպքում, որը տիպիկ է գիտափորձերի համար, որոնցում փորձարկվողներն ուսանողներ էին, կատարումը չի մոտեցրել փորձարկվողին նպատակին։ Առաջադրանքի 1-2 կատարումից հետո, եթե նույնիսկ փորձարկվողը կարողանար դա անել, նա հեռու կլիներ նպատակից, ինչպես փորձի սկզբում, քանի որ նրա առաջադրանքներում ընդհանրապես չկա ոչ մի իրական նպատակ։ Էներգիա ծախսվում էր ամբողջ ժամանակ, բայց էներգիան, որն ապագայում ունակ չէ փոխել իրավիճակը, որը պահանջել էր էներգիայի ծախս, մնացել է համակարգի ներսում և դրանով իսկ առաջացրել այնպիսի ուժեր, որոնք արգելափակել են գործընթացը։ «Դառնում է ավելի ու ավելի դժվար դողի մեջ պոմպով օդ լցնել։ Եթե անվադողերում ճնշումը դառնում է այնքան բարձր, որ հավասարակշռում է օդ լցնող մարդու ջանքերին, ապա գործընթացն ավարտվում է»։ Նմանապես և այս դեպքում։ Լարվածությունը դառնում է այնքան մեծ, որ աշխատանքի շարունակումն անհնարին է, դրա փոխարեն կարող է տեղի ունենալ պոռթկում, ճնշումն իրեն հանում է այլ ուղիներով ճիշտ այնպես, ինչպես Դեմբոյի գիտափորձերում[23]։

Այս բացատրությունը հաստատվում է այն հանգամանքով, որ որոշ գործազուրկներ, որոնք ներգրավվել են այդ աշխատանքում, պահել էին իրենց այնպես, ինչպես փորձարկվողը երկրորդ դիրքորոշման ժամանակ։ Նրանցից որոշները, աշխատելով 4 ժամ, գոհ էին աշխատանքից և ցույց էին տալիս նրա կատարման հստակություն, ինչը հակադրվում էր սովորական փորձարկվողների անփութությանը՝ նույնիսկ ավելի կարճ ժամանակահատվածի պայմաններում։ Այս գործազուրկների համար առաջադրանքը ներառում էր իրական նպատակ, որին նրանք քայլ առ քայլ մոտենում էին. էներգիան ազատ էր ծախսվում, չկային դիմադրող ուժեր, հագեցում տեղի չէր ունեցել։

Այս բացատրությունը նաև հաստատվում է տարբեր առաջադրանքների համեմատության միջոցով։ Կարելի է ենթադրել, որ փորձարկվողին հաճելի առաջադրանքները հագեցվածություն կառաջացնեն ոչ այնքան արագ, քան տհաճ առաջադրանքները, իսկ անտարբեր առաջադրանքները կզբաղեցնեն միջին տեղ։ Բայց այս սպասումները չեն արդարանում։ Փորձերում օգտագործվել են ինը տարբեր առաջադրանքներ։ Յուրաքանչյուր առաջադրանքի հետ գիտափորձերի թիվը տատանվում էր 8-16, և մեծ մասամբ դեպքերում անտարբեր առաջադրանքներն առաջացրել են հագեցում ամենադանդաղը, հաճելիները երկրորդ տեղում էին, իսկ տհաճ առաջադրանքները՝ առաջին տեղում։ Միևնույն ժամանակ, չափազանց հաճելի կամ շատ տհաճ առաջադրանքները հանգեցրել են առավել արագ հագեցվածության, քան միայն տհաճները, իսկ շատ հաճելի առաջադրանքները նույնիսկ ավելի արագ էին հագեցնում, քան տհաճները։ Դա ցույց է տալիս, որ որոշիչ գործոն է այստեղ առաջադրանքի վերաբերմունքն էգոյի նկատմամբ։ Անտարբեր առաջադրանքների դեպքում էգոն ոչ մի կերպ «չի շոշափվում», արդյունքում՝ լարվածություններն էգոյում ծագում են մեծ դժվարությամբ։

 
Նկարում ցույց են տրված գեշտալտ սկզբունքները. գրաֆիկական դիզայն

Հագեցվածություն և հոգնածություն

խմբագրել

Արտաքնապես հագեցվածությունը շատ նման է հոգնածությանը. փորձարկվողն, օրինակ, բողոքում է ձեռքի ջղաձգությունից։ Բայց առավել խոր վերլությունն անհնարին է դարձնում հագեցվածության՝ ուղղակի որպես հոգնածության մեկնաբանությունը։ Չէ˚ որ նույն մկանները կարող են աշխատել նույն շարժումների կատարման ժամանակ, եթե այդ շարժումները պատկանում են այլ առաջադրանքների։ Որպեսզի համոզվել այս պնդման ճշմարտացիության մեջ, բավական է ցույց տալ թեկուզ և հագեցվածության բացակայությունը գործազուրկների կամ ուսանողների մոտ, որը ցանկացել է ստուգել իր ընդունակությունները։ Հագեցվածությունը չի կարելի նույնացնել հոգնածության հետ, թեև շատ հավանական է, որ հոգնածությունը հանդես է գալիս որպես հագեցվածության բաղկացուցիչ մաս շատ դեպքերում, եթե ոչ բոլոր։ «Մաքուր» հագեցվածության դեպքում, այնպիսի գործողություն, ինչպիսին է ուղղակի շարժումը, այնուամենայնիվ կարող է կատարվել, այն արգելափակվում է միայն որպես որոշակի տեսակի գործողություն, ինչն ապացուցում է այն, որ փորձարկվողի աշխատանքի ժամանակ պետք է գոյություն ունենան ուժեր, որոնք խոչընդոտում են որոշակի առաջադրանքի կատարմանը։

Հագեցվածություն և հաջողություն

խմբագրել

Հագեցվածությունն իրենից ներկայացնում է հուզական վարքագիծ։ Վերջինիս վերլությունը բացահայտում է ուժերի փոխազդեցությունը, որը հանգեցնում էգոյի ներքին համակարգի լարվածության աճին, լարվածության, որը սկսում է իրեն հայտնաբերել ավելի ու ավելի քիչ կոորդինացիայում, ավելի ու ավելի շատ վարքի քաոսի մեջ, ինչպես նաև փորձարկվողի կողմից ապրվող հուզական դիմադրության մեջ։ Այս ամենը պահանջում է անցում պայմանների առավել հատուկ վերլուծության, որոնք զրկում են նրան լարվածությունը թուլացնելու գործողությունից և դրանով իսկ հանգեցնում ավելի ու ավելի բարձր լարվածությունների ծագմանը։ Դա հանգեցնում է հաջողության խնդրին. կարևոր չէ, թե այդ հաջողությունը կլինի պարզ ձեռքբերում, ունի այն որոշակի հոգեբանական նշանակություն, թե ոչ, հաջողությունը՝ որպես վարքի բնութագիր, որպես ապրվող հաջողություն, պետք է խաղա որոշակի դեր[23]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://vimeo.com/455004949
  2. 2,0 2,1 2,2 Ждан А.Н.История психологии. От Античности до наших дней: Учебник для вузов.- 5-е изд., перераб. и доп.- М.: Академический Проект, 2004.- 576 с.- («Gaudeamus», «Классический университетский учебник»).
  3. Коффка К. Основы психического развития // Гештальтпсихология; В. Кёлер. Исследование интеллекта человекоподобных обезьян; К. Коффка, Основы психического развития.- М., 1998.
  4. ГЕШТАЛЬТ – ПСИХОЛОГИЯ. КЕЛЕР, КОФФКА, ЛЕВИН
  5. 5,0 5,1 5,2 Ярошевский М.Г. История психологии.- 3-е изд.- М., 1985
  6. Возрастная психология. Ганс Фолькельт и исследование детских рисунков. [1](չաշխատող հղում)(ստուգված է 06.02.2016.)
  7. 7,0 7,1 7,2 Основные направления психологии в классических трудах. Гештальт-психология. В.Келер. Исследование интеллекта человекоподобных обезьян. К.Коффка. Основы психического развития. - М.: ООО "Издательство АСТ-ЛТД", 1998. - 704 с. - (Классики зарубежной психологии).
  8. 8,0 8,1 Хрестоматия по ощущению и восприятию / Под ред. Ю.Б. Гиппенрейтер и М.Б. Михалевской.- М., 1975
  9. Шиффман Х.Р. Ощущения и восприятие. 5-е из. СПб. Питер, 2003-928с. : ил-(серия «Мастера психологии»).
  10. Гусев А.Н. Общая психология: в 7 т: учебник для студ. Высш. учеб. заведении/под. ред. Б.С. Братуся. т 2. Ощущение и восприятие/ Из. ц. «Академия», 2007-416с.
  11. Возникновение и развитие гештальтпсихологии. [2](չաշխատող հղում)(ստուգված է 06.02.2016.)
  12. Jörgen L. Pind. Edgar Rubin and Psychology in Denmark: Figure and Ground. Berlin: Springer, 2014. 228 pp.
  13. 13,0 13,1 Вертгеймер М. Продуктивное мышление.- М., 1987.
  14. Д.А.Леонтьев, Е.Ю.Патяева. Курт Левин: в поисках нового психологического мышления.[3] (ստուգված է 06.02.2016.)
  15. Зейгарник Б.В. Теория личности Курта Левина. М.: Изд-во Моск. Ун-та, 1981
  16. Левин К. Теория поля в социальных науках. СПб.: Речь, 2000.
  17. Левин К. Динамическая психология. М.: Смысл. 2001.
  18. Zeigarnik B. Das Behalten erledigter und unerledigter Handlungen // Psychologische Forschung, 1927, Bd.9, 1-85
  19. Левин К. Разрешение социальных конфликтов. СПб.: Речь, 2000.
  20. Lewin K. Formalization and Progress in Psychology // University of Iova Studies in Child Welfare, 1940, 16, #3, 7-42.
  21. Dembo Т. Der arger als dynamisches problem // Psychol. Forsch., 1931 Bd. 15.
  22. Barker, R., Dembo, T., & Lewin, K. (1941). Frustration and regression: An experiment with young children. University of Iowa Studies in Child Welfare.
  23. 23,0 23,1 23,2 Вилюнас В. (сост.) Психология эмоций. Хрестоматия. Издательство: Питер, 2007.
  24. Karsten A. Psychische Sättigung // Psychologische Forschung, 1928, 10, 142-254

Աղբյուրներ

խմբագրել
  • Хрестоматия по истории психологии // Под ред. П.Я.Гальперина, А.Н.Ждан. М., 1980.
  • Марцинковская Т. Д. История психологии: учебное пособие для студентов высших учебных заведений / Редактор Е. В. Сатарова. - 4-е издание, стереотипное. - Москва: Издательский центр «Академия», 2004. - 544 с. - 10 000 экз.
  • Koffka K. Principles of Gestalt psychology. N.Y., 1935.
  • Курт Левин, Тамара Дембо, Леон Фестингер, Роберт Сирс. Уровень притязаний [4] (ստուգված է 06.02.2016.)
  • Van Der Veen, R. (2000). Tamara Dembo's European years: Working with Lewin and Buytendijk. Journal of the History of the Behavioral Sciences, 36(2).
  • Маклаков А.Г. Общая психология, Изд.Питер, 2001. с 592.
  • Ясницкий, А. К истории культурно-исторической гештальт-психологии: Выготский, Лурия, Коффка, Левин и др. [5] (ստուգված է 06.02.2016.)
  • Карстен, А. (1928/2001). Психическое насыщение. In Д. А. Леонтьев & Е. Ю.Патяева (Eds.), Левин К. Динамическая психология: Избранные труды (pp. 496–533). М.:Смысл
  • Коффка, К. (1926). Самонаблюдение и метод психологии. In К. Н. Корнилов(Ed.), Проблемы современной психологии. Сборник статей сотрудников Московскогогосударственного института экспериментальной психологии (pp. 179–192). Ленинград: Государственное издательство.
  • Дембо, Т. (1931/2001). Гнев как динамическая проблема. In Д. А. Леонтьев & Е.Ю. Патяева (Eds.), Левин К. Динамическая психология: Избранные труды (pp. 534–570). М.:Смысл.
  • Коффка, К. (1934). Основы психического развития (Р. и. Б. Левин, Trans.).Москва-Ленинград: Соцэкгиз.
  • Ярошевский, М. Г., & Зейгарник, Б. В. (1988). В школе Курта Левина: Из бесед с Б.В. Зейгарник. Вопросы психологии, 3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 12