Գյուղատնտեսական կենդանիներ
Գյուղատնտեսական կենդանիներ, մարդու կողմից գյուղատնտեսական միջավայրում պահվող ընտելացված անասուններ՝ անասնաբուծական արտադրանք (միս, ձու, կաթ և այլն), ինչպես նաև աշխատուժ ստանալու համար։
Գյուղատնտեսական կենդանիները պահվում են շահույթ ձեռք բերելու նպատակով։ Անասնաբուծությունն համարվում է ժամանակակից գյուղատնտեսության բաղադրիչներից։ Գյուղատնտեսական կենդանիների բուծումն սկսվել է մարդու՝ որսորդությունից ու հավաքչությունից նստակյաց կյանք անցում կատարելուց հետո։
Մարմնակազմվածք
խմբագրելԳյուղատնտեսական կենդանիների մարմնակազմվածքը մորֆոլոգիական, կենսաբանական և տնտեսական առանձնահատկությունների միագումար է, որով կենդանին բնորոշվում է որպես մեկ ամբողջություն։ Գյուղատնտեսական կենդանիների մարմնակազմվածքը ձևավորվում է ժառանգականության և արտաքին պայմանների (մատղաշի աճեցման ձևերը, կենդանու կերակրումն ու խնամքը և այլն) ազդեցությամբ։ Կոնստիտուցիայի մասին ուսմունքը ծագել է դեռևս Հին Հունաստանում (Քսենոփոնի աշխատությունները և այլն), իսկ դրա հետագա գարգացմանը նպաստել են կենսաբանական և անասնաբուծական գիտությունների նվաճումները։ Գյուղատնտեսական կենդանիների մարմնակազմվածքը ուսումնասիրվում և գնահատվում է առավելապես էքստերիերային և ինտերիերային եղանակներով։ Հայտնի են կոնստիտուցիայի բազմաթիվ դասակարգումներ, որոնցից առավել ուշադրության են արժանի շվեյցարացի գիտնական Ու. Դյուրստի և սովետական գիտնական Պ. Կուլեշովի (Ե. Բոգդանովի և Մ. Իվանովի կողմից ճշտված) դասակարգումները։ Դյուրստի դասակարգման հիմքում ընկած են օրգանիզմի նյութափոխանակության բնույթն ու ինտենսիվությունը և մարմնի ձևի ու կառուցվածքի փոփոխությունները՝ կապված նյութափոխանակության հետ։ Ըստ այս դասակարգման տարբերում են կենդանիների հիմնական և զուգակցված երկուական տիպեր
- շնչառական
- մարսողական
- շնչառական-մարսողական
- մարսողական-շնչառական)
Պ. Կուլեշովը, ելնելով օրգանիզմի հյուսվածքների ու օրգանների համահարաբերակցական զարգացման օրինաչափություններից և տարբեր մթերատվության կենդանիների ուսումնասիրության տվյալներից, առաշարկել է 4 տիպ. ըստ մաշկի և Կմախքի զարգացման՝ կոպիտ և նուրբ, ենթամաշկի և մկանների՝ խիտ և փուխր, իսկ այս տիպերի զուգակցումներից ստացվում են՝
- կոպիտ-խիտ
- կոպիտ- փուխր
- նուրբ-խիտ
- նուրբ-փուխր
տիպեր։ Կաթնատու տավարի համար բնորոշ է նուրբ-խիտ տիպը, իսկ մսատուներին՝ նուրբ-փուխր։ Մ. Իվանովը տարբերել է նաև ուժեղ (ամուր), իսկ Ե. Բոգդանովը՝ չոր և թաց կոնստիտուցիա հասկացությունները։
Պահվածք
խմբագրելԳյուղատնտեսական կենդանիների պահվածքը խնամքի միջոցառումների համալիր է, որը ներառնում է տեղաբաշխումը, կերակրումը, զոոհիգիենիկ լավագույն պայմանների ստեղծումը, օրվա ռեժիմի պահպանումը։ Նպատակն է անասնապահական մթերքների արտադրության շահավետ կազմակերպումը, արտադրության ծավալի ավելացումը, կենդանիների մթերատվության բարձրացումը, նրանց անկորուստ վերարտադրությունը։ Կենդանիների պահվածքի համակարգը և եղանակը կախված են տվյալ վայրի բնատնտեսական պայմաններից, արտադրության տեխնոլոգիայից, բուծվող կենդանիների կենսաբանական առանձնահատկություններից, արտադրության ինտենսիվացման մակարդակից։
Կիրառվում են մի քանի համակարգեր, արոտային՝ կենդանիները (հիմնականում որոճողները), ամբողջ տարվա ընթացքում, կերակրվում են արոտավայրերում։ Մսուրաարոտային՝ կենդանիներին (խոշոր եղջերավորներ, ոչխար, եղջերու, ձի և այլն) ձմռանը պահում են անասնապահական շենքերում, ամռանը՝ արոտավայրերում։
Տարածված է առավելապես բարեխառն կլիմա և սահմանափակ արոտավայրեր ունեցող շրջաններում։ Մսուրաճամբարային՝ ձմռանը կենդանիները (խոշոր եղջերավորներ, խոզեր) գտնվում են շենքերում, ամռանը՝ ճամբարներում, որտեղ կանաչ կերն ստանում են հնձված վիճակում, մեծ մասամբ կիրառվում է բնական արոտավայրեր չունեցող շրջաններում։ Մսուրային կենդանիներն ամբողջ տարվա ընթացքում գտնվում են շենքերում։ Բնորոշ է խոշոր ֆերմաներին և արդյունաբերական տեխնոլոգիայով անասնապահական մթերքների արտադրական համալիրներին։ Շենքերում կենդանիների պահվածքի հիմնական ձևերը կապված և ազատ (խմբակային և անհատական) են։ Թռչնաբուծության մեջ ընդունված են հատակային կամ վանդակային պահվածքի ձևերը՝ միակամ բազմահարկ վանդակներում։ Անասնապահության առանձին ճյուղեր (խոզաբուծություն, թռչնաբուծություն) գրեթե ամբողջովին փոխադրվել են արդյունաբերական հիմքերի վրա, և այդ ճյուղերում արդեն մերժվում է արոտային պահվածքի անհրաժեշտությունը։
Կենդանիների պահվածքի ռեժիմը պահպանելու համար սահմանված են հատուկ նորմաներ, անասնապահական շենքերի ու սարքավորումների զոոհիգիենիկ պայմանների ստեղծումը, աշխատատար պրոցեսների մեքենայացումը, կերերի հերթականությունը, զբոսանքը, էլեկտրաէներգիայի, ջրի, ջեռուցման մատակարարումը և այլն։
Կերակրում
խմբագրելԳյուղատնտեսական կենդանիների կերակրման գիտության գլխավոր խնդիրներն են՝ կենդանիների համար անհրաժեշտ սննդանյութերի ուսումնասիրումը, կերերի սննդարարության արժեքի որոշումը, կերակրման նորմայի սահմանումը, կերային ռացիոնի կազմումը, կերակրման ճիշտ տեխնիկայի ու կազմակերպման հարցերի մշակումը։ Այն սկսել է զարգանալ 19-րդ դարի սկզբին։ Գերմանացի գիտնական Ա. Թեերն առաջինը ուսումնասիրեց կերի սննդարտարությունն ու կազմը, իսկ 20-րդ դարի սկզբներին Օ. Կելներն առաջարկեց կերերի գնահատման օսլայի համարժեքը։ Ռուսաստանում արժեքավոր աշխատանքներ են կատարել Ա. Ռուբեցը, Ն. Լունինը և այլք։ Հայաստանում կենդանիների կերակրման տարբեր հարցեր հայտնի են եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Այդ շրջանում կենդանիների համար որպես կեր օգտագործվել է արոտավայրերի ու մարգագետինների կանաչը, իսկ ձմռանը՝ կուտակված խոտը, հարդը, ծառի չորացած տերեները են։ Առանձին հայ գիտնականներ (Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ, Ղևոնդ Ալիշան և այլք) իրենց մենագրություններում նկարագրել են կերաբույսերը, իսկ 12-րդ կամ 13-րդ դարում արաբերենից թարգմանված «Գիրք վաստակոց» աշխատության (հայերեն հրտ. 1877) մեջ ընդգրկված են կենդանիների կերակրման տարբեր հարցեր։ Այս կապակցությամբ ուշագրավ են նաև Ն. Տաղավարյանի «Կենդանաբուծություն» (անտիպ), Ս. Երեմյանի «Բառ-գիրք գործնական գիտութեանց» (Վենետիկ, 1900) և այլոց աշխատությունները։
Տեսակները
խմբագրել«Գյուղատնտեսական կենդանիներ» եզրույթն ինչ-որ չափով անորոշ է և կարող է սահմանվել լայն ու նեղ իմաստներով։ Լայն իմաստով՝ գյուղատնտեսական կենդանիներ են համարվում բոլոր այն ընտելացված կամ կիսաընտելացված անասունների սեռահասակային խմբերը, որոնց մարդիկ պահում և բուծում են կոմերցիոն նպատակներով։
Կենդանի / տեսակ | Ընտելացվածություն | Վայրի նախնի | Առաջին ընտելացում/որս | Առաջին ընտելացման/որսի վայր | Ներկայիս կոմերցիոն օգտագործում | Պատկեր |
---|---|---|---|---|---|---|
Ալպակա կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վիկունյա | Ք. ա. 5000 - 4000 | Անդեր | բուրդ, միս | |
Բանտենգ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Բանտենգ | Անհայտ | Հարավ-Արևելյան Ասիա, Ճավա | միս, կաթ, աշխատուժ | |
Բիզոն կաթնասուն, խոտակեր |
Սանձելի | — | 19-րդ դարի վերջ | Հյուսիսային Ամերիկա | Միս, կաշի | |
Ուղտ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Բակտրյան ուղտ, վայրի միասապատ ուղտ | Ք. ա. 4000 - 1400 | Ասիա | Աշխատուժ, միս, կաթ ուղտամազ | |
Կատու կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Աֆրիկյան վայրի կատու | Ք. ա. 7500[1][2][3] | Մերձավոր Արևելք | Դեզինսեկցիա, ընկերակցություն, միս | |
Տավար կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Նախնադարյան կով | Ք. ա. 6000 | Հարավ-Արևելյան Ասիա, Հնդկաստան, Հյուսիսային Ամերիկա (՞) | Միս, կաթ, կաշի, աշխատուժ | |
Եղջերու կաթնասուն, խոտակեր |
Սանձելի | — | Ք. հ. 1-ին դար | Մեծ Բրիտանիա | Միս, կաշի, եղջյուր | |
Շուն կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Գայլ | Ք. ա. 12000 | Աշխատուժ, հսկում, որսորդություն, որոնում, հավաքում, միս | ||
Ավանակ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Աֆրիկյան վայրի էշ | Ք. ա. 4000 | Եգիպտոս | Աշխատուժ, միս, կաթ | |
Գայալ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Գաուլ | Անհայտ | Հարավային Ասիա | Միս, աշխատուժ | |
Այծ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վայրի այծ | Ք. ա. 8000 | Հարավ-Արևելյան Ասիա | Կաթ, միս, բուրդ, կաշի, աշխատուժ | |
Ծովախոզուկ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Կավիա չուդիի | Ք. ա. 5000 | Հարավային Ամերիկա | միս, ժամանց | |
Ձի կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վայրի ձի | Ք.ա. 4000 | Եվրասիա | Հեծնում, աշխատուժ, կաթ, միս, բեռնավորում, կումիս | |
Լամա կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Գուանակո | Ք.ա. 3500 | Անդեր | Աշխատուժ, բեռնում, միս, բուրդ | |
Ջորի կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Ձիու և ավանակի խառնուրդ | Աշխատուժ, բեռնում | |||
Խոզ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վարազ | Ք. ա. 7000 | Հայկական լեռնաշխարհ | միս, կաշի, ժամանց, փորձաքննություն | |
Ճագար կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վայրի ճագար | Ք. ա. 400-900 | Ֆրանսիա | միս, մորթի, կաշի, ժամանց, փորձաքննություն | |
Հյուսիսային եղջերու կաթնասուն, խոտակեր |
Կիսաընտանի | Հյուսիսային եղջերու | Ք. ա. 3000 | Հյուսիսային Ռուսաստան | միս, կաշի, եղջյուր, կաթ, աշխատուժ | |
Ոչխար կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Ասիական մուֆլոն ոչխար | Ք. ա. 11000 - 9000 | Հարավ-Արևմտյան Ասիա | բուրդ (ոչխարենի), կաթ, կաշի, միս | |
Ասիական գոմեշ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Վայրի ասիական գոմեշ | Ք. ա. 4000 | Հարավային Ասիա | Աշխատուժ, միս, կաթ | |
Յակ կաթնասուն, խոտակեր |
Ընտանի | Յակ | Ք. ա. 2500 | Տիբեթ, Նեպալ | Միս, կաթ, բուրդ, աշխատուժ |
Զույգ ընտրություն
խմբագրելՑանկալի որակի սերունդ ստանալու համար ընտրված ծնողական զույգերի առավել նպատակահարմար զուգակցումը կոչվում է զույգ ընտրություն, որի խնդիրն է կատարելագործել կամ ստեղծել նոր ցեղեր, որը սերտորեն կապված է ընտրության հետ։ Լինում է հոմոգեն և էտերոգեն։ Առաջին դեպքում զուգակցվում են դրական միևնույն հատկանիշներով (մթերատվություն, մարմնակազմվածք, հաճախ նաև ծագում) ընտրված զույգերը։ Նոր սերնդի մոտ ուժեղանում է ծնողական հատկանիշների համալիրը, ամրապնդվում ժառանգականությունը։ Երկրորդ դեպքում զուգակցվում են տարբեր հատկանիշներով ծնողական զույգեր։ Ծնողների հատկանիշների բարդ փոխներգործությունից ստացվում է արժեքավոր սերունդ, իսկ երբեմն նաև՝ նոր որակներ։ Ընտրության ժամանակ հաշվի է առնվում մարմնակազմի, մթերատվության, ծագման, տարիքի, աճեցման պայմանների նմանությունը կամ տարբերությունը և ազգակցական կապի աստիճանը։
Խոտանում
խմբագրելԾեր, ստերջ, անբուժելի հիվանդություններով տառապող կամ ֆիզիկական արատներով կենդանիների առանձնացումը հոտից կոչվում է խոտանում։ Որպես կանոն, անցկացվում է ամեն տարի յուրաքանչյուր հոտում՝ նրա որակական ցուցանիշները (մթերատվություն, տոհմային արժեք և այլն) բարելավելու նպատակով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արդյոք կատու՞ն է ամենահին տնային կենդանին։ Կիպրոսում գտնվել է 9500 տարեկան թաղված կատու». News.nationalgeographic.com. 2010 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10–ին-ին.
- ↑ Մույր, Հեյզել (2004 թ․ ապրիլի 8). «Գտնված հնագույն մնացորդները կարող են կապված լինել ամենահին ընտանի կատվի հետ». «Նյու սայնթիսթ». Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23–ին-ին.
- ↑ Մարշա Ուոլթոն (2004 թ․ ապրիլի 9). «CNN.com՝ գտնված է հնագույն ընտանի կատուն իր տիրոջ հետ». «Edition.cnn.com». Արխիվացված է օրիգինալից 2007-12-22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գյուղատնտեսական կենդանիների կառավարում կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 81)։ |