WWE
«Դաբլյու-Դաբլյու-ի» (անգլ.՝ «WWE», իրավաբանական անվանում՝ «World Wrestling Entertainment, Inc.»[6][7]), սպորտային ժամանցի ամերիկյան ընկերություն։ Մասնագիտացված է պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) շոուների, ինչպես նաև գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, երաժշտական կատարումների թողարկման, ապրանքանիշերի լիցենզավորման և վաճառքի մեջ։
WWE | |
---|---|
Տեսակ | ռեստլինգ պրոմոշեն, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Ընկերության տեսակ | Բաց բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 1952 |
Հիմնադիր | Capitol Wrestling: Ջես Մաքմահոն Թութս Մոնդտ Titan Sports Inc.: Վինս Մաքմահոն |
Վայր | Ստեմֆորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Արի Էմանուել[1] |
Գլխավոր անձինք | Վինս Մաքմահոն
(նախագահ, գործադիր տնօրեն, մեծամասնական բաժնետեր (70%)) (ֆինանսական և ռազմավարական գծով տնօրեն) Քևին Դան (փոխնախագահ, հեռուստատեսության գծով գլխավոր պատասխանատու) Մայք Լուիսի («WWE Studios» կինոստուդիայի տնօրեն) Միշել Դ. Ուիլսոն (մարկետինգի և եկամտային կառավարման տնօրեն) |
Սպասարկվող տարածք | Համաշխարհային |
Արդյունաբերություն | Սպորտային ժամանց, կինոարդյունաբերություն, երաժշտություն |
Արտադրանք | Հեռուստատեսություն, հրատարակություն, ֆիլմեր, համացանց, մերչենդայզինգ |
Ծառայություններ | Լիցենազավորում |
Հասույթ | 658,8 միլիոն ԱՄՆ դոլար (2015)[2] |
Գործառնական շահույթ | 38,8 միլիոն ԱՄՆ դոլար (2015)[2] |
Զուտ շահույթ | 24,1 միլիոն ԱՄՆ դոլար (2015)[2] |
Աշխատողների թիվ | 800[3] |
Ստորաբաժանումներ | Ստորաբաժանումներ
|
Դուստր ընկերություններ | Ստորաբաժանումներ
TSI Realty Company
Event Services, Inc., WWE Studios Stephanie Music Publishing, Inc. WWE Properties International, Inc. WWE Japan WWE Australia World Wrestling Entertainment (International) Ltd. World Wrestling Entertainment Canada, Inc. WWE Sports, Inc. WCW Inc. WWE Animation, Inc.[4] |
Սեփականատեր | Վինս Մաքմահոն[5] |
Կայք | wwe.com(անգլ.) |
Բորսա | NYSE: WWE |
World Wrestling Entertainment Վիքիպահեստում |
«WWE» անվանումը կապված է նաև համանուն ռեստլինգային առաջնության (պրոմոշեն) հետ, որը հիմնադրվել էր 1952 թվականին։ 2011 թվականի դրությամբ սպորտային ժամանցի ասպարեզում համարվում է աշխարհի խոշորագույն կազմակերպությունը, որը տարեկան թողարկում է մոտ 320 շոու և հեռարձակվում ավելի քան 150 երկրներում՝ հավաքելով ավելի քան 36 միլիոն հանդիսատես[8]։
«WWE»-ի կողմից թողարկված մարզական իրադարձությունները, ինչպես ցանկացած այլ ռեստլինգային կազմակերպությունների շոուների պարագայում, զերծ են մրցակցային բնույթից և բացառապես կրում են սպորտային ժամանցի նշանակություն։ Շոուների ժամանակ մասնակիցները գործում են ըստ նախապես մշակված սյուժեներիի և հանդես գալիս բեմադրված մարտերում։ Մինչև 1981 թվականը ամերիկյան պրոմոտերների միջև գործել է ջենթլմենական համաձայնություն` հանրությանը ցուցադրվող մարտերի ոչ մրցակցային բնույթը չբացահայտելու համար, սակայն տարաձայնություններից խուսափելու և ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևից տարբերակելու համար «WWE»-ն առաջինն է բարձրաձայնում ռեստլինգի բեմադրված լինելու մասին[9]։
Ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վինս Մաքմահոնը։ Մաքմահոնների ընտանիքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 70%-ը, ինչպես նաև ընտրելու իրավունքի 96%-ը։ «WWE»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Ստեմֆորտում (Կոնեկտիկուտ նահանգ), ունի նաև ներկայացուցչական գրասենյակներ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Շանհայում, Տոկիոյում, Սինգապուրում և Մումբայում[10][11]։
Պատմություն
խմբագրելCapitol Wrestling Corporation
խմբագրելՋես Մաքմահոնը բռնցքամարտի հաջողակ պրոմոտեր էր, ով 1926 թվականին սկսում է համագործակցել այդ ժամանակներում ոչ պակաս հայտնի պրոմոտեր Թեքս Ռիկարդի հետ։ Մաքմահոնն ու Ռիկարդը սկսում են բռնցքամարտի դիտարժան հանդիպումներ ցուցադրել Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատում։ Միևնույն ժամանակ պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր) Ռայմոնդ Մոնդտը ռեստլինգի կազմակերպություն է հիմնում և սկսում այնտեղ ներգրավել նոր մարզիկների։ Կազմակերպությունը մեծ հաջողության է արժանանում, սակայն կոլեգաների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Մոնդտը լուծարում է այն և համագործակցության նոր ուղիներ փորձում գտնել։ Ավելի ուշ Մոնդտն սկսում է համագործակցել Նյու Յորքի այն ժամանակների հայտնի բռնցքամարտային պրոմոտերներից մեկի՝ Ջեք Քարլիի հետ, ում մահվանից հետո Մոնդտին է մնում մարտական ակումբը։ Մոնդտն սկսում է համագործակցել մի շարք այլ պրոմոտերների և սցենարիստների հետ, որոնց թվում է լինում նաև Ջես Մաքմահոնը։
Մաքմահոնը և Մոնդտը 1952 թվականին հիմնադրում են «Capitol Wrestling Corporation» (CWC) ընկերությունը, որը 1953-ին միանում է «National Wrestling Alliance» (NWA) համազգային ռեստլինգ ցանցին։ 1954 թվականի նոյեմբերին Ջես Մաքմահոնը կնքում է մահկանացուն, և նրան փոխարինելու է գալիս Վինս Մաքմահոն ավագը[12]։ Մոնդտը և Մաքմահոնը դառնում են բավականին հաջողակ պրոմոտերներ, քանի որ նրանց կազմակերպած մարտերը տեղի էին ունենում Նյու Յորքի խիտ բնակեցված հյուսիսարևելյան մասում։
WWWF
խմբագրել1963 թվականի հունվարի 21-ին տեղի է ունենում մարտ ումն ըմբիշներ՝ Բադի Ռոջերսի և Լու Թեզի միջև. հաղթող է դառնում Թեզը և հռչակվում որպես NWA ծանրքաշային կարգի չեմպիոն, սակայն Մաքմահոնը և Մոնդտը հրաժարվում են ճանաչել Թեզի չեմպիոնությունը և ի նշան անհամաձայնության անջատում են «CWC»-ն «NWA»-ի կազմից։ Այս կերպ ձևավորվում է նոր՝ «World Wide Wrestling Federation» (WWWF) կազմակերպությունը։ Ապրիլին Բադի Ռոջերսը դառնում է WWWF աշխարհի ծանրքաշային չեմպիոն։ 1963 թվականի մայիսի 17-ին Ռոջերսը կորցնում է տիտղոսը Բրունո Սամմարտինոյի հետ մրցապայքարում։ Մարտից մոտ մեկ շաբաթ առաջ Ռոջերսը սրտամկանի ինֆարկտ էր տարել։
Գոյության սկզբնական շրջանում, համեմատած այլ կազմակերպությունների, «WWWF»-ն իր շոուների ցուցադրումն ավելի պահպանողական ոճով էր կատարում[13]. շոուները կազմակերպվում և ցուցադրվում էին ամիսը մեկ անգամ, այնինչ մրցակիցները սովորաբար իրենց մարտերը կազմակերպում էին ամեն շաբաթ։ «WWWF»-ի մարտերը գրթեթե միօրինակ էին, ծրագրի շրջանակներում դրական կերպարով չեմպիոն ռեստլերը (բեյբիֆեյս) պայքարի մեջ էր մտնում բացասական կերպարով ռեստլերի (հիլ) հետ։ Շոու-ծրագրերն հիմնականում բաղկացած էին մինչև երեք մարտից[14]։ Սկզբնապես «WWWF»-ի մարտերը գրեթե ամբողջապես լցնում էին «Մեդիսոն Սքուեր Գարդենի» դահլիճը։ Ավելի ուշ ընկերությունը հեռուստատեսային եթերաժամանակ է ձեռք բերում, բայց ի վերջո սնանկ է ճանաչվում 1970 թվականին։
Մոնդտն ընկերությունից հեռանում է 60-ականների ավարտին։ 1971 թվականին Վինս Մաքմահոն ավագը որոշում է «WWWF»-ը կրկին մտցնել «NWA»-ի կազմի մեջ։ 1983-ին անցկացված «NWA» տնօրենների ամենամյա խորհրդի ժամանակ Մաքմահոնները և վերջիններիս աշխատակից Ջիմ Բարետը հայտարարում են «WWWF»-ից հեռանալու մասին[15]։
World Wrestling Federation / Titan Sports Inc. (1979-1999)
խմբագրելWWF-ի ոսկեդարը (1980-1992)
խմբագրել1979 թվականին կազմակերպությունը վերանվանվում է «WWF» (World Wrestling Federation, Ըմշամարտի (ռեստլինգի) համաշխարհային ֆեդերացիա)։ Նույն տարի Վինս Մաքմահոն ավագի որդին՝ Վինս Մաքմահոն կրտսերը հիմնադրում է «Titan Sports» բաժնետիրական ընկերությունը[16], որն իր գործունեությունն սկսում է ծավալել միայն 1980 թվականի փետրվարից։ 1982 թվականի հունիսի 6-ին Մաքմահոն կրտսերը հորից և վերջինիս կոլեգաներ Առնոլդ Սկալանդից, Գորիլա Մանսունից և Ֆիլ Զակոյից ձեռք է բերում «CWC»-ն։ Մաքմահոն ավագը ռեստլինգին ավելի շատ վերաբերվում էր որպես սպորտի, քան թե ժամանցի, ուստի չէր կարողանում հաշվի նստել որդու նորարարությունների հետ։ Մաքմահոն կրտսերն սկսում է մեծապես ընդլայնել ռեստլինգի արդյունաբերությունը և կատարել աննախադեպ առանցքային փոփոխություններ, որոնք պետք է մեկընդմիշտ փոխեին սպորտային ժամանցի ողջ ընթացքը։
Մաքմահոնը նախևառաջ պայմանագիր է կնքում «AWA» (American Wrestling Alliance) մարզիկ Հալկ Հոգանի հետ, ով սկսել էր լայն ժողովրդայնություն վայելել Սիլվեստր Ստալոնեի հետ «Ռոքի III» ֆիլմում նկարահանվելուց հետո[17]։ Որպես Հոգանի ռինգային մրցակից Մաքամահոնն ընտրում է Ռոդի Փայփերին։ Կազմակերպության մարզիկների շարքն են համալրում Անդրե Հսկան, Ջեսսի Վենտուրան, Ջիմի «Սուպերթռիչք» Սնուկան, Սքանչելի Մուրակոն, Աղբանոցի շունը, «Պարոն հիասքանչ» Փոլ Օրնդորֆը, Գրեգ «Մուրճ» Վալենտայնը, Ռիկի «Վիշապ» Ստիմբոտը, Նիկոլայ Վոլկովը և Երկաթյա շեյխը։
«WWF»-ն սկսում է բավականին բարձր եկամուտներ վաստակել և եթերաժամ է ստանում հեռուստատեսությունում։ Ծրագրերը ցուցադրվում են Միացյալ Նահանգների ողջ ծածկույթով։ Այս երևույթն սկսում է զայրացնել մրցակից պրոմոտերներին, քանի որ վերջիններս առանց այդ էլ մի կերպ էին կարողանում դիմակայել մրցակցությանը և շուկայում արդիական մնալ։ Ի հեճուկս մրցակիցների, Մաքմահոնը հաջողվել էր նաև եկամտի լրացուցիչ աղբյուրներ ձեռք բերել գովազդից, հեռուստատեսային գործարքներից և տեսաերիզների վաճառքից։ Ավելցուկային եկամուտը Մաքմահոնն օգտագործում էր նոր մարզիկներ ձեռք բերելու համար։
1985 թվականին Մաքմահոնն առաջ է քաշում ռեստլինգային շոուների նոր ձևաչափ՝ փեյ-փեր-վյու (անգլ.՝ Pay Per View, ամենամսյա իրադարձությունների ցուցադրություն, որոնք դիտելու համար հեռուստադիտողները պարտավորված են որոշակի գումար վճարել)։
Մաքմահոնի գաղափարով ստեղծվում է իր տեսակի մեջ եզակի փեյ-փեր-վյուն՝ «Ռեսլմանիան», որն ընկալվում է որպես ռեստլինգի գերեզրափակիչ իրադարձություն։ «Ռեսլմանիաներն» անցկացվում են ամեն տարվա ապրիլ ամիսներին և հավաքում բազմահազար հանդիսատեսների՝ գրեթե նույնական լինելով ամերիկյան ֆուտբոլի «Սուպերբոուլ» իրադարձության, կամ ՈւԷՖԱ-ի չեմպիոնների լիգայի հետ։ «Ռեսլմանիան» միանգամից դառնում է «WWF»-ի այցեքարտը։ Այս հարցում Մաքմահոնի գերնպատակն այն էր, որպեսզի «Ռեսլմանիան» հրապուրիչ և դիտելի լինի նաև այն անձանց համար, ովքեր ռեստլինգով այդքան էլ չեն հետաքրքրվում, ուստի առաջին «Ռեսլմանիայում» մասնակցելու համար նա հրավիրում է հեռուստադերասան Միստր Թիին, բռնցքամարտի լեգենդ Մուհամմեդ Ալիին և երգչուհի Սինդի Լոպերին, ինչպես նաև գործարք կնքում «MTV» հեռուստաալիքի հետ՝ որպես ինֆորմացիոն գործընկեր։
Հաջորդ տարիներին «WWF»-ը շարունակում է աճել շնորհիվ Վինս Մաքմահոնի և բեյբիֆեյսային կերպար Հալկ Հոգանի։ 1985 թվականին «NBC» համազգային հեռուստատեսությամբ սկսվում է ցուցադրվել «Շաբաթ երեկոյի գլխավոր իրադարձություն» (Saturday Night's Main Event) հաղորդումը։ Ռեստլինգը վերջին անգամ խոշորածավալ հեռուստացանցով ցուցադրվել էր 1950-ական թվականներին։ Ութսուկանների ռեստլինգային բումը գրանցվեց «Ռեսլմանիա III»-ի ժամանակ (1987), որն անցկացվաց Պոնտիակի (Միչիգան նահանգ) «Պոնտիակ Սիլվերդոմ» մարզաստադիոնում և հավաքեց ռեկորդային 93 173[18] հանդիսատես։ Շոուի գլխավոր իրադարձությունը Հոգանի և Անդրե Հսկայի մենամարտն էր, որն ունեցել էր նույնպես ռեկորդային՝ 33 միլիոն դիտում[19]։
Նոր սերնդի ժամանակաշրջանը (1993-1997)
խմբագրել1992 թվականը «WWF»-ի պատմության ամենաամոթալից և աղետալի տարին է դառնում. ջրի երես է դուրս գալիս մի շարք ռեստլերների կողմից անաբոլիկ ստերոիդների չարաշահման մասին սկանդալը։ Ստերոիդների դատաքննությունն ընկերության վրա արժենում է 5 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը չափազանց բացասական էր անդրադարձել առանց այդ էլ վատ ֆինանսական դրության վրա, քանի որ այդ տարի «WWF»-ի հասույթներն ամենացածր մակարդակի վրա էին։ Մաքմահոնը որոշում է կրճատել մեղավոր մարզիկների և գրասենյակային անձնակազմի որոշ աշխատակիցների վարձավճարը։ Կազմակերպությունից հեռանում են մի քանի այցեքարտային մարզիկներ, այդ թվում նաև Հալկ Հոգանը, և սկսում հանդես գալ «WWF»-ի բոլոր ժամանակների ամենավտանգավոր մրցակից «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում։ Վետերանների հեռանալուց հետո ինքնստիքյան տեղ է բացվում երիտասարդ մարզիկների առաջընթացի և կերպարային զարգացման համար։ Գլխավոր երիտասարդ մարզիկների շարքում էին Շոն Մայքլզը, Բրեթ Հարթը, Ռեյզոր Ռամոնը և Անդերթեյքերը, իսկ 80-ականներից մնացած վետերաններ Ռոդի Փայփերը, Ջիմի Սնուկան, Տիտո Սանտանան և Բոբ Բեքլանդը պարզապես օգտագործվում էին որպես ետին պլանի ըմբիշներ։
1993 թվականին «WWF»-ը ստեղծում է նոր շաբաթական հեռուստածրագիր՝ «Monday Night Raw» անվամբ, որն սկսվում է հեռարձակվել երկուշաբթի երեկոներին։ Հեռուստաշոուն անմիջապես մեծ հաջողություն է գրանցում համազգային հեռուստատեսությունում և ընկերության համար կայուն եկամտի նոր աղբյուր դառնում։ Տեսնելով մրցակցի հաջողությունը՝ «WCW»-ն 1995-ին եթեր է հեռարձակում նույն ձևաչափի հեռուստաշոուն՝ «Monday Night Nitro»-ն, որը նույնպես սկսվում է հեռարձակվել երկուշաբթի օրերին և հենց այն ժամանակահատվածում, երբ եթերում է «Raw»-ն[20]։ Կազմակերպությունների հակամարտությունն այս կերպ թևակոխում է այլ փուլ. շաբաթական հաղորդումներն սկսում են ավելի բարձր վարկանիշ և դիտում հավաքելու համար ուղղակիորեն մրցակցել միմյանց հետ։ Եթերային մրցակցությունը տևում է մինչև 1996 թվականը։ Վարկանիշային պատերազմը հետագայում ձեռք է բերում «Երկուշաբթի երեկոների պատերազմներ» (Monday Night Wars) անվանումը։ Գրեթե երկու տարի «WCW»-ի «Nitro»-ն կարողանում է գերակա դիրք գրավել՝ հիմնականում «Նոր աշխարհակարգ» (New World Order, nWo) խմբավորման ելույթների շնորհիվ, որի կազմում էին «WWF»-ի նախկին ռեստլերներ Հալկ Հոգանը, Սկոտ Հոլը և Քևին Նեշը[21]։
Չնայած «WWF»-ում հանդես էին գալիս բարձրակարգ մարզիկներ, իսկ մարտերն անցկացվում էին բարձր մակարդակով, այնուամենայնիվ ընկերության ֆինանսական դրությունը շարունակաբար վատթարանում էր։ 1994 թվականի ապրիլից մինչև 1995 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում կազմակերպությունն իր պնդմամբ ունենում է 4,4 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս, չնայած 1995-ի մայիսից մինչև 1996-ի ապրիլ ժամանակահատվածում արդեն 3,3 միլիոն դոլարի չափով եկամուտ է ստանում։ Ընկերությունը խոշոր չափի կորուստ է արձանագրում հաջորդ ֆինանսական տարում՝ 1996-ի մայիսից մինչև 1997-ի ապրիլ՝ 6,5 միլիոն դոլար[22]։ 1996 թվականին «Raw»-ի միջին տարեկան հեռուստավարկանիշը կազմում էր 2,6 գործակից։ Փեյ-փեր-վյուների միջին գնման գործակիցը կազմում էր 0,63, իսկ շոուների հաճախելիությունը նվազել էր մոտ 5000 միավորով։
1997 թվականն առավել աղետալի է դառնում «WWF»-ի համար. շոուների այցելություններն ավելացնելու համար ընկերությունը կտրուկ նվազեցնում է տոմսերի գինը, մասնավորապես այդ տարվա «Թագավորական մարտը» (Royal Rumble) դիտելու համար մեկ անձը կարող էր վճարել ընդամենը տասը դոլար, իսկ «Ռեսլմանիա 13»-ի մեկ տոմսն արժեցել էր ընդամենը քսանհինգ դոլար։ Այնուամենայնիվ, նշված երկու իրադարձությունները ձախողվում են՝ չկարողանալով լցնել դահլիճը։ «Թագավորական մարտի» համար վաճառվել էր ընդամենը 47 514 տոմս, իսկ մինչև շոուի մեկնարկը թվով 12 511 անվճար տոմս բաժանվել էր մարդկանց։ «Ռեսլմանիա 13»-ը, որը կոչված էր լինելու տարվա ամենագլխավոր փեյ-փեր-վյու իրադարձությունը նույնպես չի կարողանաում ամբողջությամբ լցնել դահլիճը, հնարավոր 18 197 տոմսերից վաճառվում են միայն 16 467-ը, իսկ մնացած 1737 տոմսերը կրկին անվճար տրվում են մարդկանց, որպեսզի դահլիճը լցվի[23]։ Մինչ օրս «Ռեսլմանիա 13»-ը միակն ռեսլմանիան է, որը դահլիճն ամբողջությամբ չի կարողացել լցնել[24]։ Միևնույն ժամանակ Վինս Մաքմահոնը փորձում էր իր ընկերությունը դարձնել հանրային, այդ իսկ պատճառով պետք է զերծ մնար երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններից[25]։ Նույն թվականի սեպտեմբեր ամսին տնօրենների խորհուրդը որոշում է փեյ-փեր-վյու իրադարձություն կազմակերպել Մեծ Բրիտանիայում։ Չնայած տոմսերի բարձր գնին, «WWF One Night Only» կոչվող փեյ-փեր-վյուն կարողանում է ամբողջությամբ լցնել դահլիճը և ֆինանսապես լուրջ հաջողության է հասնում։ Հաջորդ ամիս իր մեկնարկն է կատարում «Hell in a Cell» փեյ-փեր-վյուն, որի գլխավոր իրադարձության շրջանակներում անցկացվող մարտը ստանում է գերազանց՝ 5 աստղ գնահատական «Ռեստլինգ օբզեռվեր» հանդեսի գլխավոր խմբագիր Դեյվ Մելցերի կողմից։
Վերաբերմունքի ժամանակաշրջան
խմբագրել«WWF»-ի և «WCW»-ի վարկանիշային պայքարը թևակոխում է նոր փուլ, երբ առաջինը փոխում է արտադրվող հաղորդումների բովանդակությունը՝ դրանք դարձնելով ավելի մեծահասակային։ Գաղափարը պատկանում էր Վինս Մաքմահոնին և սցենարիստ Վինս Ռուսսոյին, ովքեր ընկերության թևակոխած նոր փուլն անվանում են «Վերաբերմունքի ժամանակաշրջան» (Attitude era)։
Բացասական կերպարի՝ որպես դրական կերպար ներկայացնելու գաղափարը կամ այլ կերպ ասած՝ հակահերոսացումը կարծես թե դուր է գալիս «WWF»-ի երկրպագուներին։ Սցենարիստները մատուցվող ավանդական ռեստլինգը վերածում են «փողոցային կռվի». մարտերն ստանում են առավել ագրեսիվ բնույթ, ռինգային և կուլիսային գործողություններին ավելացվում են դաժան բռնության և էրոտիկ բնույթի խիստ սկանդալային տեսարաններ։ Այնուամենայնիվ, 1996-97 թվականների ընթացքում «WWF»-ը շարունակում է առաջնակարգ մարզիկներ կորցնել, որոնք սկսում են հանդես գալ մրցակից ընկերությունում։ 1997 թվականի ավարտը նույնպես սկանդալային է լինում. «Survivor Series» փեյ-փեր-վյուի գլխավոր իրադարձությունը WWF չեմպիոնական գոտու համար մղվող մրցապայքարն էր Շոն Մայքլզի և գործող չեմպիոն Բրեթ Հարթի միջև, ով շուտով պետք է հեռանար «WWF»-ի կազմից և ելույթներ ունենար «WCW»-ում։ Շոուն պետք է անցկացվեր Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Լինելով կանադացի, Հարթը հաղորդում է Մաքմահոնին, որ չէր ցանկանա տիտղոսը կորցնել հենց Կանադայում, ինչի հետ Մաքմահոնը սկզբնապես համաձայնում է, սակայն մարտի ժամանակ, երբ Շոն Մայքլզը Հարթի վրա փորձում է կիրառել իր իսկ այցեքարտային հանձնվեցնող հնարքը (շարփշութեր), ռինգի մոտ գտնվող Մաքմահոնն անմիջապես հորդորում է մրցավար Էրլ Հեբներին հնչեցնել գոնգը և արձանագրել Մայքլզի հաղթանակը՝ չնայած Հարթը չէր հանձնվել։ Այս վիճահարույց երևույթը պատմության մեջ է մտնում որպես «Մոնրեալյան դավադրություն» (Montreal Screwjob)[26]: Պատահարից հետո Հարթը, ով արդեն 15 տարվա վետերան էր, հեռանում է «WWF»-ից և սկսում հանդես գալ «WCW»-ում։ Հասարակությունը քննադատություների տարափ է տեղում Մաքմահոնի հասցեին, ինչի արդյունքում վարկանիշները կրկին սկսում են նվազել։ Ենթադրվում է, որ Վերաբերմունքի ժամանակաշրջանը մեկնարկում է հենց Հարթի հեռանալուց հետո։ Օգտվելով այս ոչ-սցենարային պատահարից՝ Մաքմահոնը որոշում է ստեղծել իր ռինգային բացասական կերպարը՝ Պարոն Մաքմահոն անվամբ։
Մոնրեալյան պատահարից առաջ «WWF»-ին հաջողվել էր ձեռք բերել «WCW»-ի նախկին ըմբիշներ Սթիվ Օսթինին, Վեյդերին և Միք Ֆոուլիին։ Օսթինին դանդաղորեն փորձում են վերածել ընկերության գլխավոր մարզիկի, ով սակայն կատարում էր հակահերոսի դեր։ Վերաբերմունքի ժամանակաշրջանի առանցքային էջերից մեկը համարվում էր Օսթինի և Պարոն Մաքմահոնի տևական ռինգային հակամարտությունը, որում ներգրավվում են ինչպես բազմաթիվ այլ ըմբիշներ, այնպես էլ բռնցքամարտի բազմակի չեմպիոն Մայք Թայսոնը։ Թայսոնի ռեստլինգային կարիերան արժանանում է լրատվամիջոցների զանգվածային ուշադրությանը և բարձրացնում «Raw»-ի վարկանիշը։
World Wrestling Federation Entertainment (1999-2002)
խմբագրելԱրժեթղթերի հրապարակային առաջարկ
խմբագրելՎերաբերմունքի ժամանակաշրջանի աղմկահարույց հաջողություններից հետո «WWF»-ը հաջողությամբ թողարկում է բազմաթիվ այլ արտադրատեսակներ։ Այս ընթացքում «Titan Sports» մայր կազմակերպությունը պաշտոնապես վերանվանվում է «World Wrestling Federation Entertainment»-ի (WWFE)։ 1999 թվականի հոկտեմբերի 19-ին կազմակերպությունը մասնավորից վերածվում է բաժնետիրական ընկերության։ Թողարկվում է թվով 10 միլիոն արժեթուղթ, յուրաքանչյուրի նախնական գինը կազմելով 17 ԱՄՆ դոլար[27]։ «WWF Entertainment»-ը հայտարարում է, որ հետաքրքրություններ ունի նաև այլ ոլորտներում ներդրումներ կատարելու մեջ, մասնավորապես Թայմս Սքուերում դիսկո ակումբ բացելու, գեղարվեստական կինոնկարներ նկարահանելու և/կամ գրքեր հրատարակելու։
1999 թվականի ապրիլի 29-ին «WWF»-ը թողարկում է իր երկրորդ շաբաթական հեռուստաշոուն՝ «SmackDown!»-ը, որն սկսվում է ցուցադրվել ամեն հինգշաբթի` մրցակցելու «WCW Thunder» հեռուստաշոուի հետ։
2000 թվականին «NBC» հեռուստաալիքի հետ համագործակցելով «WWF»-ը հիմնադրում է XFL (Xtreme Football League) կոչվող ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան, որն իր մրցաշրջանային մեկնարկը կատարում է հաջորդ տարի[28]։ Չնայած սկզբնապես բարձր վարկանիշների արժանանալուն, XFL-ն ամբողջապես ձախողվում է, և «NBC»-ն հրաժարվում է շարունակել համագործակցությունը, ուստի ընդամենը մեկ մրցաշրջան անց լիգան լուծարվում է, քանի որ Մաքմահոնը չի կարողանում այլ հեռուստատեսային գործընկեր ձեռք բերել[29]։
WCW-ի և ECW-ի ձեռքբերումը
խմբագրել1999 թվականի աշնանը «WWF»-ը վերջապես հաղթանակող է դուրս գալիս վարկանիշային պայքարում։ «Time Warner» ընկերությունը միանում է «AOL» անդրազգային լրատվական ցանցի հետ, գործարար Թեդ Թըրները զգալիորեն կորցնում է «WCW»-ի հանդեպ վերահսկողությունը, քանի որ նորաստեղծ գրասենյակը զրոյական հետաքրքրություն է ցուցաբերում ռեստլինգի հանդեպ, և հետևապես ցանկություն է հայտնում «WCW»-ն ամբողջապես վաճառելու։ 2001 թվականի մարտին «AOL Time Warner» ընկերությունը 7 միլիոն ԱՄՆ դոլարով[30] վաճառում է ընկերությունը «WWF»-ին։ Այդ ժամանակահատվածում սնանկացման եզրին էր կանգնել «Extreme Championship Wrestling» (ECW) էքստրեմալ ռեստլինգի կազմակերպությունը, որը նույնպես վաճառվում է «WWF»-ին[31]։ Ճանապարհից հեռացնելով մրցակիցներին «WWF»-ը դառնում է միակ խոշորագույն ռեստլինգային կառույցը Հյուսիսային Ամերիկայում։ Ձեռք բերելով մրցակիցներին, «WWF»-ի տրամադրության տակ են անցնում նաև դրանցում ելույթներ ունեցող մարզիկների պայմանագրերը։ Այս խոշորագույն իրադարձությունները ռինգային սյուժե մտցնելու համար «Ռեսլմանիա X-7»-ից հետո սցենարիստները առաջ են քաշում «Ներխուժման» գաղափարը, որի շրջանակներում «WCW»-ի և «ECW»-ի մարզիկները ներխուժում են «WWF» և միանգամից հակամարտության մեջ մտնում տեղացիների հետ։
World Wrestling Entertainment / WWE (2002-այժմ)
խմբագրելՎայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ ունեցած դատավարությունը տանուլ տալուց հետո «WWF Entertainment»-ը այլևս իրավունք չի ունենում օգտագործելու «WWF» հապավումը, ուստի 2002 թվականի մայիսի 5-ին ընկերության և նույնանուն պրոմոշենի անվանումը ևս մեկ անգամ փոփոխության է ենթարկվում՝ դառնալով «World Wrestling Entertainment» (WWE)։ Չնայած նման տհաճ միջադեպի՝ Մաքմահոնն հայտարարում է, որ այս անվանումը պակաս գրավիչ չէ և կշեշտի իր կազմակերպության ժամանցային բնույթը։
Հեռուստացանցի փոփոխումը և անցումն HD ձևաչափի
խմբագրել2005 թվականի տարեմուտին, հինգ տարի «TNN» (այժմ՝ Spike TV) հեռուստաալիքով ցուցադրվելուց հետո «WWE Raw» հաղորդումը վերադառնում է «USA Network» հանրային հեռուստաալիք։ Տասներեք տարի անց «WWE»-ն և «NBC»-ն կրկին սկսում են ցուցադրել «Շաբաթ երեկոյի գլխավոր իրադարձություն»։ 2007 թվականին «WWE»-ն հիմնադրում է ներկայացուցչական գրասենյակ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Մինչ այդ առկա էին գրասենյակներ Տորոնտոյում և Լոնդոնում։
2008 թվականի հունվարի 21-ին «WWE»-ն հայտարարում է, որ անցում է կատարում պատկերի HD ձևաչափի, որից հետո արտադրվող հեռուստաշոուները և փեյ-փեր-վյու իրադարձությունները սկսվում են ցուցադրվել միմիային HD ռեժիմով[32]։
Անցումը TV-PG վարկանիշի և հանրային ծառայությունների նախաձեռնումները
խմբագրել2008 թվականի նոյեմբերին «WWE»-ն գործարկում է իր սեփական առցանց սոցիալական կայքը` «WWE տիեզերք» (WWE Universe) անվամբ։ Սկզբնապես ցանցն անվանվում էր «WWE երկրպագուների ազգ» և Մայսփեյս կայքի նման ուներ բլոգներ, քննարկման ֆորումներ և մի շարք այլ բաղադրիչներ։ Սրան զուգընթաց շոուների ժամանակ ըմբիշները և մեկնաբանները երկրպագուներին անվանում են «WWE տիեզերքի» ներկայացուցիչներ. նման երևույթ առկա է հյուսիսամերիկյան խոշոր սպորտային ակումբներում (օրինակ՝ «Լեյքերս Ազգ», «Ռեդ Սոքս ազգ» և այլն)։ Սոցցանցն ավարտում է գործունեությունը 2011 թվականի հունվարի 7-ին, որից մի քանի ամիս անց ընկերությունը Ֆեյսբուքում ստեղծում է պաշտոնական էջ, որը 2014 թվականի մարտ ամսի դրությումբ ունի մոտ 17 միլիոն հավանում[33]։ Նույն տարի «WWE»-ն, առաջնորդվելով Միացյալ Նահանգների ծնողական վերահսկողության վարկանիշային համակարգի «TV-PG» ուղեցույցով, փոխում է ցուցադրվող հաղորդումների բովանդակությունը՝ դրանք դարձնելով ավելի հասանելի հասարակության առավել կրտսեր զանգվածների համար[34]։ Փոխելով մատուցվող հաղորդումների որակը՝ ընկերությունը կարողանում է իր երկրպագուների բանակն համալրել 14 տարեկանից ցածր տարիքային խմբին պատկանող երեխաներով և վերածվել ընտանեկան ապրանքանիշի[35]։
Եթերային բովանդակության բարեփոխումներից հետո «WWE»-ն սկսում է լրջորեն կենտրոնանալ հանրային ծառայությունների մատուցման վրա։ 2011 թվականին թիմակցելով այլ կառույցների հետ «WWE»-ն հիմնադրում է «Եղի՛ր աստղ» ("Be A Star") հակաահաբեկչական քարոզարշավը։ 2012 թվականից «WWE»-ն համագործակցում է «Սյուզան Ջի Կոմեն» հիմնադրամի հետ՝ հասարակության շրջանում բարձրացնելու կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածությունը։ Համագործակցության շրջանակներում «WWE»-ի հեռուստաշոուների ժամանակ մարզիկները կրում են վարդագույն հագուստներ, ռինգում տեղադրվում է վարդագույն պարան, առցանց խանութում թողարկվում է Ջոն Սինայի անվանական «Հաղթահարի՛ր քաղցկեղը» մակագրությամբ վարդագույն շապիկը, ինչպես նաև նկարահանվում են կարճամետրաժ ֆիլմեր կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման մասին։ «Raw»-ի հոկտեմբերի 29-ի թողարկման ժամանակ «WWE»-ն հիմնադրամի ներկայացուցիչներին նվիրաբերում է 1 միլիոն ԱՄՆ դոլար։ 2013 թվականին «WWE»-ն ներգրավվում է «Ոչինչ բացի ցանցից» (Nothing But Nets) ծրագրում, որի շրջանակներում Աֆրիկա են մատակարարվում մալարիա առաջացնող մոծակների դեմ ցանցաթակարդներ։ Նույն թվականի ապրիլին հայտարարվում է, որ ընկերությունը հովանավորելու է հաջորդ տարվա ԱՄՆ հաշմանդամների օլիմպիական խաղերը[36]։
2011 թվականի ապրիլի 7-ին ընկերության կորպորատիվ գրասենյակն հայտարարում է, որ ցանկություն չունի օգտագործելու «World Wresling Entertainment» ամբողջական անունը և ցանկանում է պարզապես դարձնել «WWE»` այն պատճառաբանությամբ, որ այն ավելի շատ ներառված է ժամանցի բազմաթիվ այլ ենթաոլորտներում։ Ինչևէ, ընկերության անվանումը դեռ փոփոխման չի ենթարկվել։
Ապրանքանիշային ընդլայնում
խմբագրել2002 թվականի մարտին, մարզիկների ամբոխման պատճառով «WWE»-ն որոշում է բոլորին առանձնացնել ըստ հեռարձակվող հեռուստաշոուի՝ «Raw»-ի և «SmackDown!-ի։ Գործընթացն ստանում է «Ապրանքանիշային ընդլայնում» անվանումը։ Չնայած «WCW»-ից և «ECW»-ից զորակոչված ռեստլերների մեծ մասը մինչև 2004-ի տարեվերջ հեռանում է կազմակերպությունից, «WWE»-ն շարունակում է մնացյալին պահել առանձին բրենդային թիմերում՝ ամեն տարին անցկացնելով դրաֆթային խաղարկություն։ 2006 թվականի մայիսի 26-ին «WWE»-ն որպես երրորդ ապրանքանիշ վերահեռարձակում է «ECW»-ն։ Հեռուստաշոուն եթերից հեռանում է 2010 թվականի փետրվարի 16-ին։
«Raw»-ի 2011 թվականի օգոստոսի 29-ի թողարկման ժամանակ հայտարարվում է, որ այսուհետ հեռուստաշոուում հանդես կգան նաև քույր ապրանքանիշի` «SmackDown!»-ի մարզիկները։ Մոտ երկու տարի հաղորդումը կրում է «Raw Supershow» անվանումը։ «Սուպերշոու» ձևաչափով հանվում է ապրանքանիշային տարբերակումը։ Մինչ այդ յուրքանաչյուր շոու ուներ իր սեփական գլխավոր և երկրորդական չեմպիոնական տիղոսները, մասնավորապես՝ WWEը և WWE Միացյալ Նահանգների տիտղոսները բնորոշ էին «Raw»-ին, իսկ Աշխարհի ծանրքաշային և Միջմայրցամաքային տիտղոսները` «SmackDown!»-ին, սակայն առանց ապրանքանիշային տարբերակման, մարզիկներն այսուհետ կարող էին պայքարել ցանկացած տիտղոսի համար[37]։
2016 թվականի մայիսի 25-ին հայտարարվում է, որ մարզական կազմը կրկին կտարբերակվի ըստ ապրանքանիշի։
Կրտսեր առաջնություն
խմբագրել2012 թվականի մարտ ամսին լուրեր էին պտտվում, որ «WWE»-ն դադարեցնելու է իր կրտսեր պրոմոշենի՝ «Florida Championship Wrestling»-ի գործունեությունը։ Ավելի ուշ WWE.com կայքին տված հարցազրույցում ընկերության փոխնախագահ Փոլ «Թրիփլ Էյչ» Լևեքը նշում է, որ «FCW»-ն չի փակվի, և «Ռեսլմանիա XXVIII»-ից հետո կունենա նոր անվանում և անցկացման վայր[38]։ Օգոստոսին «FCW»-ն անվանափոխվում և ստանում է «NXT Wrestling» անվանումը (համանուն հեռուստաշոուի անվամբ) և Ֆլորիդայի Տամպա քաղաքից տեղափոխվում է Օռլանդո։
Վաղ 2013-ին «WWE»-ն համագործակցելով Ֆուլ Սեյլի համալսարանի հետ Օրինջ շրջանում հիմնում է սպորտային կենտրոն, որտեղ մարզվում, ինչպես նաև իրենց բեմական խոսքն են զարգացնում «WWE»-ի կազմը նոր համալրած նորեկ մարզիկները[39]։
WWE Network
խմբագրել2014 թվականի փետրվարի 24-ին «WWE»-ն գործարկում է շուրջօրյա ստրիմինգային ցանց՝ «WWE Network» անվամբ, որով հնարավոր է դիտել ընկերության նոր և հին հաղորդումները[40]։
Առողջապահության ծրագիր
խմբագրելԱռաողջապահության ծրագիրը «WWE»-ում գործող ենթակառույց է, որն զբաղվում է խթանիչների, ալկոհոլի և սրտի պատշաճ ֆունկցիոնալության ընդգրկուն հետազոտությամբ։ Ծրագիրը գործի դրվեց 2006 թվականի փետրվարին, երբ կարճ ժամանակ առաջ սիրտանոթային անբավարարությունից հանկարծամահ էր եղել առաջնակարգ մարզիկներից մեկը՝ 38-ամյա Էդդի Գուերերոն։ Կառույցը մարզիկների շրջանում թեստավորումներ է անցկացնում՝ դեղատոմսային դեղորայքի և հոգեներգործուն նյութերի հնարավոր ռեկրեացիոն օգտագործման և չարաշահման հետքերը պարզելու (օրինակ՝ անաբոլիկ ստերոիդների հնարավոր օգտագործում) և դրանց զեկուցման համար։ Համաձայն առողջապահության քաղաքականության ուղեցույցների՝ բացի կանոնավոր դոպինգային ստուգումներից, մարզիկները պարտավոր են նաև տարին առնվազն մեկ անգամ սրտամկանային ստուգում անցնել։
2007 թվականին Քրիս Բենուայի` ստերոիդների հավանական շարաշահման պատճառով կատարած կրկնակի սպանությունից և ինքնասպանությունից հետո Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատին առընթեր պետական բարեփոխումների հանձնաժողովը պարտադրում է «WWE»-ին իր մարզիկների մոտ թեկուզ չնչին խնդիրներ հայտանբերելիս զեկուցել իրեն[41]։
Առողջապահական ծրագրի շնորհիվ բժիշկները կարողացել են մարզիկներից մեկի մոտ ախտորոշել սրտային տկարություն։ 2007 թվականի օգոստոսին առողջապահական կանոնավոր ստուգման ժամանակ ըմբշամարտիկ Մոնտել Վոնտավիուս Պորտերի (իրական անունը՝ Հասան Ասադ) մոտ գտնվել էր Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշ[42], ինչը չհայտնաբերվելու դեպքում մարզիկի համար կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ։
Այլ ստորաբաժանումներ
խմբագրելԲացի պրոֆեսիոնալ ըմբշամարտի ցուցադրումից և «Acclaim», «2K Sports» և «Mattel» ընկերություններին լիցենզավորելուց (համակարգչային խաղերի և խաղալիքների արտադրման համար), «WWE»-ն ունի բազմաթիվ այլ ստորաբաժանումներ։
Գործող ստորաբաժանումներ
խմբագրել- «WWE Libraries», ստորաբաժանում հիմնադրված 2001 թվականին՝ «WCW»-ի ձեռքբերումից հետո, կազմակերպությանն է պատկանում պրոֆեսիոնալ ըմբշամարտի աշխարհում ամենամեծ տեսադարանը և դրանից բխող հեղինակային իրավունքները։
- «WWE Studios», կինոստուդիա հիմնադրված 2002 թվականին, զբաղվում է գեղարվեստական ֆիլմերի արտադրությամբ։
- «WWE Music Group», երաժշտական ստուդիա, որն զբաղվում է յուրաքանչյուր ռեստլերի և ռեստլերուհի թեմատիկ երաժշտության ստեղծմամբ, ժողովածուների թողարկմամբ։ Թողարկել է նաև մի շարք ռեստլերների հեղինակած երաժշտական ալբոմներ։
- «WWE Home Video», ստորաբաժանում որը թողարկում է «WWE»-ի փեյ-փեր-վյու իրադարձությունների, անհատ ռեստլերների մարտերի ժողովածուների և կենսագրական տեսանյութերի թողարկմամբ (VHS, DVD, Blu-ray ձևաչափերով)։
- «WWE Books», ստորաբաժանում, որն հրատարակում է ինքնակենսագրականներ, կուլիսային գործողությունների մասին գրվածքներ, օրացույցեր, գրքեր, պատկերապատումներ և այլն։
- «WWE Performance Center», ստորաբաժանում, որտեղ մարզվում և իրենց բեմական խոսքն են վարժեցնում «WWE»-ի պոտենցիալ մարզիկները։
- «WWE Kids», ժամանցային կայք երեխաների համար, ամիսնը երկու անգամ թողարկվում են մանկական պատկերապատումներ։
- «WWEShop.com», առցանց խանութ։
- «WWE Jet Services», ստորաբաժանում ստեղծված 2013 թվականին, նպատակն է ֆինանսավորել և կարգավորել ընկերության ծովային և օդային ռեսուրսները։
Չգործող ստորաբաժանումներ
խմբագրել- «World Bodybuilding Federation», բոդիբիլդինգի ֆեդերացիա ստեղծված 1990 թվականին «Titan Sports»-ի կողմից։ Ավարտել է գործունեությունը երկու տարի անց։
- «XFL», «WWF»-ի և «NBC», «UPN», «TNN» հեռուստաալիքների համագործակցությամբ 2000 թվականին հիմնադրված ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա։ Բաղկացած է եղել 8 ակումբներից։ Ցածր վարկանիշների պատճառով դադարեցրել է գործունեությունը։
- «The World», Նյու Յորք քաղաքում 1999 թվականին բացված ռեստորան, ակումբ և հուշանվերների խանութ։ Փակվել է 2003 թվականին։
- «WWE Niagara Falls», մանրածախ առևտրի սրահ Նիագարա Ֆոլս քաղաքում (Օնտարիո նահանգ, Կանադա, 2002-2011)։
Բարեգործություններ
խմբագրել- Շուրջ երեք տասնամյակ «WWE»-ն համագործակցում է «Make-A-Wish» հիմնադրամի հետ[43] 2015 թվականի օգոստոսին, ծրագրի շրջանակներում կատարելով թվով 500-րդ բարեգործությունը, WWE վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն Ջոն Սինան մինչ օրս համարվում է «Make-A-Wish»-ի ամենամեծ թվով բարեգործություններ իրականացրած հայտնի անձը[44]։
- Սկսած 2012 թվականից, ամեն տարվա հոկտեմբեր ամսին «WWE»-ն համագործակցում է «Սյուզան Ջի Կոմեն» հիմնադրամի հետ՝ հանրության շրջանում Կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Համագործակցության շրջանակներում առցանց խանութում վաճառվում են հատուկ բարեգործական բնույթի անվանական ապրանքատեսակներ, բացի այդ հոկտեմբեր ամսին արված վաճառքից ստացված եկամտի 20%-ը տրվում է հիմնադրամին[45]։ Հոկտեմբեր ամսին «WWE»-ի հեռուստաշոուների ժամանակ մարզիկները կրում են վարդագույն հագուստներ, իսկ ռինգի միջանկյալ պարանն ստանում է վարդագույն գունավորում։
- 2014 թվականի հունիսին, Թրիփլ Էյչի և Ստեֆանի Մաքմահոնի հովանավորությամբ ստեղծվել է «Connor's Cure» (թարգ.՝ Քոնորի բուժում) հիմնադրամը։ Իր անվանումը հիմնադրամն ստացել է ի հիշատակ 8-ամյա Քոնոր Միխալեկի (հոկտեմբերի 17, 2005 – ապրիլի 25, 2014), ով մահացել էր երկու ամիս առաջ՝ մեդուլոբլաստոմայից, ինչը մարդու ուղեղում և ողնուղեղում առաջացող հազվագյուտ ուռուցք է։ Սկսած 2015 թվականից, «WWE»-ն սեպտեմբերը ճանաչեց որպես մանկական քաղցքեղի իրազեկման ամիս՝ ռինգի միջանկյալ պարանը ներկելով ոսկեգույն, ինչպես նաև վաճառքի հանելով ապրանքատեսակներ, որոնց վաճառքից ստացված եկամուտը նույնպես փոխանցվում է տվյալ հիմնադրամին։
- 2014 թվականից «WWE»-ն հովանավորում է Հատուկ օլիմպիական խաղերը, որում հանդես են գալիս մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներն ու մեծահասակները։
Չեմպիոնական տիտղոսներ և այլ նվաճումներ
խմբագրելՆերկայիս չեմպիոնները
խմբագրելRaw
խմբագրելՏիտղոս | Ներկա չեմպիոն(ներ) | Տիտղոսի կրում | Հաղթելու ամսաթիվ | Վայր (իրադարձություն) | |
---|---|---|---|---|---|
WWE ունիվերսալ չեմպիոնատ | Բրոք Լեզնար | 1 | Ապրիլի 2, 2017 | Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ («Ռեսլմանիա 33») | |
WWE միջմայրցամաքային չեմպիոնատ | Միզ | 8 | Հունվարի 22, 2018 | Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ («Raw 25») | |
WWE կիսածանրքաշային չեմպիոնատ | Թափուր | — | — | — | |
WWE Raw թիմային չեմպիոնատ | Սեզարո և Շեյմուս | 4 (5, 4) |
Հունվարի 28, 2018 | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ («Royal Rumble 2018») | |
WWE Raw կանանց չեմպիոնատ | Ալեքսա Բլիս | 2 | Օգոստոսի 28, 2017 | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ («Raw») |
SmackDown
խմբագրելՏիտղոս | Ներկա չեմպիոն(ներ) | Տիտղոսի կրում | Հաղթելու ամսաթիվ | Վայր (իրադարձություն) | |
---|---|---|---|---|---|
WWE աշխարհի չեմպիոնատ | Էյ Ջեյ Սթայլզ | 2 | Մայիսի 21, 2017 | Մանչեստեր, Անգլիա («SmackDown Live») | |
WWE Միացյալ Նահանգների չեմպիոնատ | Ռենդի Օրտոն | 1 | Մարտի 11, 2018 | Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ («Fastlane 2018») | |
WWE SmackDown թիմային չեմպիոնատ | «Ուսոներ» (Ջիմի և Ջեյ Ուսոներ) |
3 (3, 3) |
Հոկտեմբերի 8, 2017 | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ («Hell in a Cell 2017») | |
WWE SmackDown կանանց չեմպիոնատ | Շառլոթ Ֆլեյր | 1 | Նոյեմբերի 14, 2017 | Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ («SmackDown Live») |
Այլ Նվաճումներ
խմբագրելՆվաճում | Վերջին հաղթող | Ամսաթիվ |
---|---|---|
Թագավորական մարտ | Ռենդի Օրտոն | Հունվարի 29, 2017 |
Փողը բանկում (տղամարդիկ) | Բարոն Կորբին | Հունիսի 18, 2017 |
Փողը բանկում (կանայք) | Կարմելա | Հունիսի 20, 2017 |
Անդրե Հսկայի հիշատակի գավաթ | Մոջո Ռոուլի | Ապրիլի 2, 2017 |
NXT
խմբագրելՏիտղոս | Ներկայիս չեմպիոն(ներ) | Կրում | Հաղթելու ամսաթիվ | Վայր | |
---|---|---|---|---|---|
NXT չեմպիոնատ | Անդրադե «Սիեն» Ալմաս | 1 | Նոյեմբերի 18, 2017 | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ («NXT TakeOver: WarGame») | |
NXT թիմային չեմպիոնատ | «The Undisputed Era» (Կայլ Օ'Ռայլի և Բոբի Ֆիշ) |
1 | Նոյեմբերի 29, 2017 | Ուինթեր Պարկ, Ֆլորիդա, ԱՄՆ («NXT») | |
NXT կանանց չեմպիոնատ | Էմբեր Մուն | 1 | Նոյեմբերի 18, 2017 | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ («NXT TakeOver: WarGame») | |
NXT հյուսիսամերիկյան չեմպիոնատ | Թափուր | — | — | — |
Միացյալ Թագավորություն
խմբագրելՏիտղոս | Ներկայիս չեմպիոն(ներ) | Կրում | Հաղթելու ամսաթիվ | Վայր | |
---|---|---|---|---|---|
WWE Միացյալ Թագավորության չեմպիոնատ | Փիթ Դան | 1 | Մայիսի 20, 2017 | Ռոուզմոնտ, Իլինոյս, ԱՄՆ |
Հեռացված տիտղոսներ
խմբագրել- WWWF Միացյալ Նահանգների թիմային չեմպիոնատ (1958-1967)
- WWWF Միացյալ Նահանգների չեմպիոնատ (1963-1976)
- WWF հյուսիսամերիկյան չեմպիոնատ (1979-1981)
- WWF միջազգային ծանրքաշային չեմպիոնատ (1959-1984)
- WWF աշխարհի մարտարվեստային ծանրքաշային չեմպիոնատ (1978-1989)
- WWF կրտսեր ծանրքաշային չեմպիոնատ (1967-1985)
- WWF միջազգային թիմային չեմպիոնատ (1969-1985)
- WWF Կանադայի չեմպիոնատ (1985-1986)
- WWF կանանց թիմային չեմպիոնատ (1970-1989)
- WWF Միջմայրցամաքային թիմային չեմպիոնատ (1991)
- WCW աշխարհի թիմային չեմպիոնատ (1975-2001)
- WWF կիսածանրքաշային չեմպիոնատ (1997-2001)
- WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (1991-2001)
- WWE Եվրոպայի չեմպիոնատ (1997-2002)
- WWE հարդքոր չեմպիոնատ (1998-2002)
- WCW/WWE թեթևքաշային Հեռացված տիտղոսներ (1991-2008)
- ECW չեմպիոնատ (1971-2001, 2006-2010)
- WWE աշխարհի թիմային չեմպիոնատ (1971-2010)
- WWE կանանց չեմպիոնատ (1956-2010)
- Միլիոն դոլարի չեմպիոնատ (1989-2010)
- Աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (2002-2013)
- WWE դիվաների չեմպիոնատ (2008-2016)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.sportskeeda.com/wwe/news-vince-mcmahon-s-replacement-revealed
- ↑ 2,0 2,1 2,2 ««World Wrestling Entertainment, Inc»: տարեկան հաշվետվություն, 2015 (10-K)» (XBRL). ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով. 2016 թ․ փետրվարի 5.
- ↑ «Նոր տարեկան հաշվետվություն, 2010». «WWE». Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «WWE. ձևաթուղթ 10-K». 2012 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ «WWE հաշվետվություն, 2012». «WWE». 2012 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
- ↑ «World Wrestling Entertainment, Inc». «Նյու Յորքի ֆոնդային բորսա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7–ին-ին.
- ↑ «Դաբլյու-Դաբլյու-Ի բաժնետերերի տարեկան հանդիպումը տեղի կունենա 2011 թվականի ապրիլի 29-ին» (PDF). «WWE». 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Ենկերության ընդհանրական վերլուծություն». «WWE». Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Գրաբիանովսկի, Էդ (2006 թ․ հունվարի 13). «Ինչպես է աշխատում պրոֆըմբշամարտը». «Entertainment.howstuffworks.com». Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Դաբլյու-Դաբլյու-Ի կորպորատիվ` ընկերության ընդհանուր վերլուծություն». 2011 թ․ հունիսի 15.
- ↑ «Դաբլյու-Դաբլյու-Ի կորպորատիվ - Դաբլյու-Դաբլյու-ԻՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑՈւՄ ՄՈՒՄԲԱՅՈւՄ». 2011 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ Կելբերեր, Էնջի Պիտերսոն (2010). Պրոֆըմբշամարտի հրաշագեղ, տարօրինակ և անսովոր պատմությունը. «Քեփսթոուն պրես». էջ 32. ISBN 1-4296-4789-2.
- ↑ «WrestlingTerritories.png». Ըմբշամարտի ֆորումներ. Վերցված է 2012 թ․ Մարտի 25-ին.
- ↑ «Ռեստլինգ օբզեռվեր լրատու». 1991 թ․ հունիսի 3.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Ռեստլինգ օբզեռվեր լրատու». 2011 թ․ հուլիսի 20.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Հորնբեյքեր, Թիմ (2007). Ըմբշամարտի ազգային ալյանս։ Պրոֆըմբշամարտի աշխարհը խեղդող մենատիրության չպատմված պատմությունը. «Ի-Սի-Դաբլյու պրես». էջ 353. ISBN 978-1-55022-741-3.
- ↑ Ռոքի 3(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Փաուել, Ջոն. «Ստիմբոտն ու Սևիջը կառավարում են Ռեսլամանիա 3-ը». «Սլեմ ռեստլինգ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14–ին-ին.
- ↑ Փաուել, Ջոն. «Ստիմբոտն ու Սևիջը կառավարում են Ռեսլմանիա 3-ը». «Սլեմ ռեստլինգ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Շիլդզ, Բրայան; Սալիվան, Քևին (2009). Դաբլյու-Դաբլյու-Ի։ Ռեսլմանիայի պատմությունը. էջ 53.
- ↑ Սկայա, Ռիք. «RAW-ն ընդդեմ Nitro-ի։ Առաջին տարի». «Օնլայն օնսլոթ Ռեստլինգ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ Ապրիլի 10-ին.
- ↑ Բլոգ Արխիվացված 2013-11-01 Wayback Machine «Archive.bebo.com». վերցված է 2013-09-05
- ↑ «Մարտի 23, 1997։ Ինչ է աշխարհը դիտում»(չաշխատող հղում). «Thehistoryofwwe.com» (2011-03-23): վերցված է՝ 2013-09-05.
- ↑ «Լարերի միջև։ Ռեստլինգի մեծագույն հաղթանակներն ու ձախողումները - Բրայան Ֆրից - Գուգլ գրքեր». «Books.google.co.uk.», վերցված է 2013-09-05.
- ↑ Մոնրեալյան դավադրություն. Բրեթ Հարթ և Շոն Մայքլզ Արխիվացված 2011-09-28 Wayback Machine։ «Prowrestling.about.com» (2013-07-17): վերցված է 2013-09-05.
- ↑ Միք Ֆոուլի (2000). Have a Nice Day: A Tale of Blood and Sweatsocks. «Հարփեր Քոլինզ». էջ 648. ISBN 0-06-103101-1.
- ↑ ««WWF»-ը մուտք է գործում արժեթղթերի շուկա». 1999 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
- ↑ ««WWE Entertainment»-ը հայտարարում է ամերիկյան ֆուտբոլի նոր պրոֆեսիոնալ լիգայի` XFL-ի կազմավորման մասին». 2000 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «XFL-ը լուծարվում է հիասթափեցուցիչ մրցաշրջանից հետո». «CNN». 2001 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
- ↑ ««WWE Entertainment» ընկերությունը «Թըրներ բրոդքաստինգից» ձեռք է բերում «WCW»-ն». 2001 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Շիլդզ, Բրայան; Սալիվան, Քևին (2009). WWE: Ռեսլմանիայի պատմությունը. էջ 58.
- ↑ «WWE-ն գնում է դեպի HD». «WWE». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «WWE ֆեյսբուքյան էջ»
- ↑ Գրեյ, Ռիչարդ (2013 թ․ փետրվարի 26). «WWE-ի հակաարյունային քաղաքականությունը». «Ռեստլինգ նյուզ ուորլդ». Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ ««WWE»-ն նշում է, որ անցումը PG վարկանիշային համակարգի կներգրավի բազմաթիվ հովանավորների». «Sportsbusinessjournal.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3–ին-ին.
- ↑ ««WWE»-ն դառնում է ԱՄՆ հաշմանդամների օլիմպիադայի հիմնադիր գործընկերը». «Finance.yahoo.com». 2013 թ․ ապրիլի 7. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10–ին-ին.
- ↑ Թոմ Հերերա Փեյջ (2014 թ․ հունվարի 11). ««Raw»-ի պատմության 10 ամենակարևոր իրադարձությունները». «WWE.com». Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «HHH-ը FCW-ի փակման լուրերի մասին». «WWE.com». 2012 թ․ մարտի 20. Վերցված է 2012 թ․ Մարտի 18-ին.
- ↑ «Օրինջ շրջանի բիզնես գործարքներ. Հուլիս, 2013»
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Կոնգրեսին պետք է «WWE»-ի տված տեղեկությունը ստերոիդների, դոպինգի մասին». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «MVP-ի ամենաարժեքավոր ծրագիրը». «WWE.com». 2007 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7–ին-ին.
- ↑ ««WWE»-ի կողմից արդեն հայտարարվել է Ռեսլմանիա 29-ի շրջանակներում Նյու Յորքում և Նյու Ջերսիում իրականացվելիք ծրագրերի մասին». Cleveland.com. 2013 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Ցանկությունն իրագործված է։ WWE-ի աստ Ջոն Սինան իրագործել է Make-A-Wish-ի 500-րդ բարեգործությունը». ESPN. ESPN. «Ասոշիեդ պրես». օգոստոսի 23, 201. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «WWE-ն և Susan G. Komen-ն արդեն երրորդ տարին միասին կպայքարեն կրծքագեղձի քաղցկեղի դեմ». Variety. 2014 թ․ սեպտեմբերի 29.
Արտաքին հղումներ
խմբագրել- WWE.com պաշտոնական կայք(անգլ.)
- WWE կորպորատիվ կայք(անգլ.)
- Ընկերության էջը Նյու Յորքի ֆոնդային բորսայի կայքում Արխիվացված 2011-06-28 Wayback Machine(անգլ.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |