Ե․ Վախթանգովի անվան թատրոն

Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոն (ռուս.՝ Государственный академический театр имени Е. Вахтангова), դրամատիկական թատրոն Մոսկվայում, որը գործում է 1921 թվականից։ Տեղակայված է Արբատ փողոցի վրա։

Ե․ Վախթանգովի անվան թատրոն
ռուս.՝ Театр имени Е. Б. Вахтангова
Տեսակթատերական կազմակերպություն, դրամատիկական թատրոն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԱրբաթ շրջան
Հիմնադրման ամսաթիվ1921
Անվանված էԵվգենի Վախթանգով
ՃարտարապետՊավել Վասիլևիչ Աբրոսիմով
Կայքvakhtangov.ru/history
 Vahtangov Theatre, Moscow Վիքիպահեստում

1921 թվականի նոյեմբերի 13-ին Ե․ Վախթանգովի բեմադրությամբ Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսը ականատես եղավ նոր թատրոնի՝ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի երրորդ ստուդիայի ծնունդին, որը հետագայում՝ 1926 թվականին, վերանվանվեց՝ կրելով իր հիմնադրի և ղեկավարի՝ Եվգենի Վախթանգովի անունը։

Պատմություն

խմբագրել

Թատրոնի առաջին քայլեր

խմբագրել

1913 թվականի վերջին Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող մի քանի ուսանողներ որոշեցին ստեղծել Ուսանողական դրամատիկական ստուդիա և խաղալ այն ժամանակ նորաձև Ստանիսլավսկու համակարգով։ Սակայն պրոֆեսիոնալները չէին համաձայնվում օգնել սիրողական ուսանողներին։ Վերջապես երկար բանակցություններից հետո Գեղարվեստական թատրոնի ղեկավարումն իր ձեռքը վերցրեց երիտասարդ դերասան և ռեժիսոր, Կոնստանտին Ստանիսլավսկու աշակերտ Եվգենի Վախթանգովը։ Առաջին բեմադրությունը Բորիս Զայցևի «Լանինների կալվածքը» պիեսն էր։ Փորձերը կատարում էին որտեղ պատահեր՝ հիմնականում միմյանց բնակարաններում։ 1914 թվականի մարտի 26-ին կայացավ պրեմիերան։ Ներկայացումն ամբողջությամբ տապալվեց, իսկ թատրոնի ղեկավարությունն արգելեց Վախթանգովին աշխատել ոչ պրոֆեսիոնալ ստուդիականների հետ։ Սակայն արգելքներն անզոր էին։ Նոր փորձեր սկսեցին ընթանալ Մանսուրովի նրբանցքի իր բնակարանում։ Ավելի ուշ ստուդիականներից մեկը որպես իրեն բեմական կեղծանուն ընտրեց հենց այս նրբանցքի անունը, հենց այս անունով էլ բեմական արվեստի պատմության մեջ ընդմիշտ մտավ Ցեցիլիա Մանսուրովան՝ արքայադուստր Տուրանդոտի դերը կատարած առաջին դերասանուհին։

Ստուդիան սկսեց կոչվել «Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան դրամատիկական ստուդիա»։ 1920 թվականի սեպտեմբերի 13-ին Վախթանգովի ստուդիան ընդունվեց Գեղարվեստական թատրոնի ընտանիք՝ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնի երրորդ ստուդիա անվամբ։ Առաջին ներկայացումը Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» պիեսն էր 1921 թվականի նոյեմբերի 13-ին։ Ռեժիսորը Եվգենի Վախթանգովն էր։ Բեմադրությունը քննադատության ենթարկվեց, մասնավորապես «Տեատրալնոե օբիզրենիե» ամսագիրը 1921 թվականի դեկտեմբերի 11-ին հրապարակեց Լյուբով Գուրևիչի դրական արձագանքը[1]։ Շուտով ստուդիան սեփական տարածք ունեցավ Արբատ 26 հասցեում, որտեղ էլ գործում է մինչ այժմ։

Երիտասարդ ստուդիան պիեսներ էր փնտրում, որոնք կհամապատասխանեին նոր հեղափոխական ժամանակաշրջանին։ Իսկ ժամանակը փոխվում էր սրընթաց։ Հետհեղափոխական փլուզման դեմ պայքարելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը։ Դրամատուրգիայի մեջ մտան թեթև ժանրերի պիեսներ։ Թե ում մտքին է առաջին անգամ եկել Կառլո Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ» հեքիաթի բեմադրությունը, դժվար է ասել։ Սկզբնական շրջանում դրան ոչ ոք լուրջ չէր վերաբերվում։ Քննարկման ժամանակ կատակներ սկսվեցին։ Իսկ դրանց գրական մշակման և ինտերմեդիաների ստեղծման համար հրավիրվեց Նիկոլայ Էրդմանը։ Այսպես, ժամանակակից կատակներով էլ սկսվեց ներկայացման փորձերը, որը պետք է դառնար նոր թատրոնի խորհրդանիշը։ Սակայն Վախթանգովը հիվանդացավ և չկարողացավ նույնիսկ գալ պրեմիերային։ Ներկայացման հաջողությունը շռնդալից էր, որը գերազանցեց բոլոր սպասելիքները։ «Եվգենի Վախթանգովի անվան թատրոն» գրքից․

  Անտրակտին Ստանիսլավսկին կառապան վերցրեց և գնաց շնորհավորելու Վախթանգովին (վերջինս, յուրայիններին ներկայացման ուղարկելով՝ միայնակ պառկած էր մութ բնակարանում)։ Երկրորդ արարն ուշացվեց․ սպասում էին Ստանիսլավսկու վերադարձին; Ներկայացումից հետո նա կրկին զանգահարեց Վախթանգովին, որպեսզի փոխանցի իր հիացմունքը։ Դա ուղղակի հաջողություն չէր, այլ աղմկալից հաջողություն, ցնծություն, անվերջ ծափահարություններ։ Միխայիլ Չեխովը, բարձրանալով բազկաթոռի վրա, գոչեց․ «Բրա՜վո Վախթանգովին», որը դահլիճում բուռն հիացմունք առաջացրեց։

«Արքայադուստր Տուրանդոտ»-ի հաջողությունը համատարած էր․ Արբատի մտավորական հանդիսատեսին և երիտասարդ ուսանողությանը, աշխատավորներին ու տոնական հագնված ՆՏՔ-ականներին երջանիկ դարձրեց այս հեքիաթը։ Ավելի ուշ բոլոր երեկույթներին պարում էին «Տուրանդոտ» վալս․ ներկայացման մասին գիտեին բոլորը։

Մահանալիս նա ստեղծեց այնպիսի անհավանական կենսական ուժով, այնպիսի երջանիկ հաղթական ներկայացում, որ թվում էր՝ մահ չկա։ Վախթանգովը հաղթահարեց մահն արվեստում[2]։

 

Վախթանգովը մահացավ 1922 թվականի մայիսի 29-ին։ Մայիսի 31-ին նրա դագաղը Ստուդիայից Նովոդևիչյան գերեզմանատուն ձեռքերի վրա տարան նրա ուսանողներն ու ընկերները։

Վախթանգովի մահից հետո

խմբագրել
 
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի երրորդ ստուդիա, Մոսկվա, 1921 թ․

1922 թվականին Վախթանգովի մահից անմիջապես հետո դերասաններն ընտրեցին իրենց գեղարվեստական խորհուրդը, որի մեջ մտան Յուրի Զավադսկին, Բորիս Զախավան, Նատան Տուրաևը, Քսենիա Կոտլուբայը (Վախթանգովի ամենամոտ օգնականը), Աննա Օրոչկոն, Իոսիֆ Տոլչանովը, Ելիզավետա Լյաուդանսկայան, Ելենա Ելագինան, Օսվալդ Գլազունովը և Օսիպ Բասովը։ Վլադմիր Նեմիրովիչ-Դանչենկոն Երրորդ ստուդիայի տնօրեն նշանակեց սկսնակ օժտված ռեժիսոր Յուրի Զավադսկիին, սակայն նա երկար չպաշտոնավարեց։ Նեմիրովիչ-Դանչենկոն մտադիր էր միավորել Երկրորդ և Երրորդ ստուդիաները, սակայն վախթանգովցիները պնդեցին իրենց ինքնուրույնությունը․ ստուդիան սկսեց կոչվել Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական ստուդիա։ Հենց վախթանգովցիների այդ մեծ ցանկությունը լինել միասին և իրենց թատրոնը չթողնել օտար ձեռքերում հանգեցրեց ստուդիականության, ընկերության մթնոլորտի, հավատարմության միմյանց, որը դեռ երկար տարիներ պահպանվեց Վախթանգովի թատրոնում։

Ժամանակը փոխվում էր սրընթաց, հեղափոխական պաթոսը փոխվում էր նոր տնտեսական քաղաքականությամբ, այնուհետև հետևեցին ստալինյան տարիները։

1926 թվականին թատրոնը դիմեց գրող Միխայիլ Բուլգակովին՝ ժամանակակից նոր տնտեսական քաղաքականության թեմայով թեթև վոդևիլ գրելու խնդրանքով։ Շուտով գրվեց պիեսը՝ «Զոյկինի բնակարանը»։ Սակայն վոդևիլային ուրախ, թվում էր, թե գաղափարազուրկ պիեսն արտաքին թեթևության ետևում թաքցնում էր լուրջ հասարակական ծաղր, և ներկայացումն արգելվեց 1929 թվականի մարտի 17-ին Ժողկոմի որոշմամբ և հետևյալ ձևակերպմամբ՝ «Սովետական իրականության խեղաթյուրման համար»։

«Զգացմունքների դավադրություն» ներկայացումը՝ գրված Յուրի Օլեշայի «Նախանձ» վեպի հիման վրա և բեմադրված ռեժիսոր Ալեքսեյ Պոպովի կողմից, սուր բանավեճի առիթ հանդիսացավ․ արդյո՞ք բանվորաաշխատավորական երկրին անհրաժեշտ է հերոս մտավորական։ Սակայն չնայած դրան՝ ըստ թատերականությամբ, պայծառությամբ, ռիթմով «Զգացմունքների դավադրությունը» ճանաչվեց 1928/29 թատերաշրջանի լավագույն բեմադրությունը, իսկ Ալեքսեյ Պոպովը՝ լավագույն ռեժիսորը[3]։ Սակայն Պոպովը Վախթանգովի աշակերտը չէր և վախթանգովցիների համար օտարական էր։ Վերջիվերջո, 1930 թվականին ստիպված հեռացավ թատրոնից։

Թատրոնում փոխվեցին ռեժիսորներ, հաջող և ոչ այնքան ներկայացումներ, նշմարվեց թատրոնի զարգացման 2 հիմնական ուղղություն՝ թեթև տոնականություն, որը կտակել էր Վախթանգովը և լուրջ պսիխոլոգիզմ։

1932 թվականին Նիկոլայ Ակիմովը թատրոնի բեմ հանեց ընդհանրապես անսպասելի, արտառոցությամբ և բուֆոնադայով հարուստ «Համլետ»-ը։ Այս ներկայացման մասին է հիշել թատերական նվագախմբի երաժիշտ Յուրի Ելագինն իր «Արվեստի սանձահարումը» հուշագրում․

  «Համլետ»-ի բեմադրության ծարգիրն առաջացավ նկարիչ և ռեժիսոր Նիկոլայ Ակիմովի՝ դեկորացիաները ստեղծողի և «Սեր և խարդավանք»-ի ռեժիսորներից մեկի մոտ։ Այս ծրագիրը չափազանց արտառոց էր, սակայն Ակիմովն այնպես հրապուրիչ կերպով ներկայացրեց այն գեղարվեստական ժողովի առաջ, որ դժվար էր նրան մերժել։ ․․․Երաժշտությունը, որ նա [Շոստակովիչը] գրեց «Համլետ»-ի համար, կատարյալ էր։ Իր ամբողջ թարմությամբ և օրիգինալությամբ այն ամենաշատն էր սազում Շեքսպիրի «Համլետ»-ին, քան Ակիմովի «Համլետ»-ի մեջ որևէ այլ բան։ Սակայն, իհարկե, այդ երաժշտության մեջ կային լիովին արտառոց պահեր, որոնք ռեժիսորի մտահղացման ոճով էին։ Այսպես, հարբած Օֆելյան տոնախմբության ժամանակ (դերը խաղում էր մեր ամենագեղեցիկ դերասանուհին՝ Վալենտինա Վագրինան) երգում էր ուրախ երգ՝ բավական թեթևսոլիկ տեքստով, մեր հարյուրամյակի սկզբի գերմանացի շանսոնետկայի ոճով, ջազային սուր և թունդ գործիքավորմամբ։ Հետաքրքիր է, որ ֆլեյտայի հանրահայտ տեսարանում Շոստակովիչը ծաղրեց և՛ խորհրդային իշխանությունը, և՛ պրոլետար կոմպոզիտորների խմբին, որոնք հենց այդ ժամանակ իրենց իշխանության գագաթնակետում էին և ոչ քիչ չարիք են պատճառել ռուսերեն լեզվին և ռուս երաժիշտներին։ Այդ տեսարանում Համլետը ֆլեյտան դնում էր մեջքի ստորին հատվածի վրա, իսկ նվագախմբի պիկոլոն՝ կոնտրաբասի և թմբուկի նվագակցությամբ կեղծ և սուր նվագում էր սովետական հայտնի երգը՝ «Մեզ ջարդել, ջարդել էին ուզում․․․», որը գրել էր կոմպոզիտոր Դավիդենկոն՝ պրոլետար երաժիշտների խմբի առաջնորդը՝ 1929 թվականին խորհրդային զորքի՝ չինացիների նկատմամբ տարած հաղթանակի առիթով[4]։  

(«Մեզ ջարդել, ջարդել էին ուզում» երգը 1930-ական թվականներին շատ նորաձև էր։ Խոսքերի հեղինակը Դեմյան Բեդնին է, իսկ երաժշտությանը՝ Ալեքսանդր Դավիդենկոն։ Երգը նվիրված է 1929 թվականի աշնանն ու ամռանը Հեռավոր Արևելքի հատուկ զորքերի տարած հաղթանակին ընդդեմ չինացի միլիտարիստների)[5][6]։

Ներկայացումը քննադատեցին ձևականության համար, սակայն ոչ ոք ներկայացման պատճառով չտուժեց։ Այն, ինչի համար այլ թատրոններ ուղղակի փակում էին, իսկ ռեժիսորներին բանտ նստեցնում, Վախթանգովի թատրոնին միայն նախատում էին։ Հուշագիրներ, այդ թվում՝ Յուրի Ելագինը և Աննա Մասը դա բացատրում են նրանով, որ Վախթանգովի թատրոնի տաղանդները գնահատողների շարքում էին տվյալ ժամանակաշրջան ամենաբարձր պաշտոն ունեցողները․ «1920-30-ական թվականներին մշտապես թատրոն էին հաճախում կառավարության անդամները, ՄՊՔՎ-ի, իսկ այնուհետև ՆԳԺԿ-ի ղեկավար աշխատակիցները։ Նրանց թվում էին Ավել Ենուկիձեն, Կլիմենտ Վորոշիլովը, ՄՊՔՎ-ի պետի տեղակալ Ագրանովը, ինքը Ստալինը։ Մայրս թատրոնի դերասանուհի էր, հիշում էր, որ մինչև 1920-ականների կեսերը Ստալինն ուղղակի գալիս և նստում էր պարտերի վեցերորդ շարքում։ Ավելի ուշ նրա մշտական տեղը կառավարական օթյակում էր՝ երկրորդ շարքի անկյունում՝ թիկնապահի լայն թիկունքի ետևում»,- գրել է Աննա Մասն իր «Վախթանգովցիները՝ ավագ սերունդ»[7]։

 
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի երրորդ ստուդիայի շենքն Արբատ փողոց վրա, Մոսկվա, 1926 թ․

1930-ական թվականների վերջին սկսվեցին ձերբակալություններ, որոնցից չխուսափեց նաև թատրոնը։ Բազմիցս ձերբակալվեց կոմս Նիկոլայ Շերեմետևը, որը թատրոնի երաժիշտն ու երաժշտախմբի անդամներից էր, ինչպես նաև դերասանուհի Ցեցիլիա Մանսուրովայի ամուսինը․ թատերախումբը եկավ իր տաղանդը գնահատող բարձրաստիճան պաշտոնյաների մոտ և ազատ արձակեց կոմս-երաժշտին։ Չկարողացան ազատել դերասանուհի վալենտինա Վագրինային, որին ձերբակալել էին ամուսնուն աքսորելուց անմիջապես հետո։ Այնուհետև արդեն պատերազմից հետո չհաջողվեց փրկել Օսվալդ Գլազունովին։

Պետական կառուցվածքը պահանջում էր ներկայացումներ, որոնք փառաբանում էին խորհրդային իշխանությունը․ բոլոր թատրոններում բեմադրվում էին Լենինի մասին ներկայացումներ։ Վախթանգովի ստուդիայում «գլխավոր Լենինի» դերը կատարում էր դերասան Բորիս Շչուկինը։ Մոսկվայի թատերական շրջաններում դեռ երկար պատմում էին, թե ինչպես են Վախթանգովի դերասաններին հրավիրել մասնակցել Ստալինի և նրա շքախմբի համար Կրեմլում կազմակերպված տոնական համերգին, տեսարաններ ցուցադրել գաղափարապես կայուն ներկայացումից։ Դերասանների ետևից ավտոմեքենա ուղարկեցին, որտեղ նստեցին գրիմավորված Ռուբեն Սիմոնովը, որը մարմնավորում էր Ստալինին և Բորիս Շչուկինը, որը մարմնավորում էր Լենինին։ Վարորդը, վախենալով, որ կուշանան, սկսեց արագ վարել ավտոմեքենան։ Արբատն այն ժամանակ դեռ հետիոտնային փողոց չէր, բացի այդ էլ ավտոմեքենաներ այդքան շատ չկային։ Կրեմլի մոտակայքում արագությունը գերազանցած ավտոմեքենան կանգնեցրեց մի ոստիկան, որը սարսափահար եղավ, երբ վարորդի կողքին տեսավ Ստալինին։ Իսկ նրա ետևում նստած էր Լենինը․․․ Մեքենան էլ շարժվում էր դեպի Կրեմլ։

Այդ ժամանակ թատրոնի ղեկավար կազմում երկուսն էին՝ Զախավան և Սիմոնովը։ 1939 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Ռուբեն Սիմոնովը։

  Ղեկավարի անձը շատ բան էր որոշում թատրոնի հետագա ուղում։ Արտասավոր վառ և բազմակողմանի օժտված Ռուբեն Սիմոնովը, նրա երաժշտականությունը, ռիթմի հազվագյուտ զգացումը, նրբագեղությունը, նրբանկատ և բարդ վարքագիծը՝ արևելյան հնչերանգներով, բնավորությունը, այս ամենն իր ազդեցությունն ունեցավ Վախթանգովյան արտիստների մի քանի սերունդների վրա։ Ով գիտի՝ ինչպես կդասավորվեր թատրոնի ճակատագիրը, եթե այն ժամանակ նշանակվեր ոչ թե Սիմոնովը, այլ օրինակ Զախավան։ Արդյոք վախթանգովցիների ուղին ավելի հասարակ կամ վառ կլիներ։ Գուշակելն անիմաստ է, պատմությունն անհնար է վերափոխել[8]։  

Հայրենական մեծ պատերազմի տարիներին

խմբագրել
 
Թատրոնի ռազմաճակատային բրիգադը ներկայացում է բեմադրում պառկած հիվանդների համար, Ուկրաինական առաջին ռազմաճակատ, Լեհաստան, Ռիտվյանի, 1944

Անդրեյ Տուտիշկինի բեմադրությամբ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ի պրեմիերան կայացավ 1941 թվականի հունիսի 21-ին՝ պատերազմի նախօրեին։ Հուլիսի 23 լույս 24-ին 2 ժամ 10 րոպե առաջին ռազմական ռմբակործությունների ժամանակ թատրոնի շենքի վրա ռումբ ընկավ։ Զոհվածների թվում էր նաև թատրոնի դերասան Վասիլի Կուզան։ Շենքն ուժեղ վնասվեց, ոչնչացվեցին շատ դեկորացիաներ։ Արբատի բնակիչները դեռ երկար էին հիշում, որ ամբողջ փողոցում դեկորացիաների և ռեկվիզիտների տարրեր էին թափված։ Աշնանը եկավ տարհանման թույլտվությունը։ Իրենց հետ վերցրին Շչուկինի ուսումնարանի ավագ ուսանողներին՝ պաշտոնապես վերջիններիս ձևակերպելով որպես դերասանների ընտանիքի անդամներ։ Նախազգուշացնել բոլորին մեկնելու մասին չհասցրին․ Ն․ Պլոտնիկովը ստիպված էր միայնակ տեղ հասնել։ Գլազունովը (իսկական ազգանունը՝ Գլազնեկ է, նրան համարում էին գերմանացի, թեև լատիշ էր), որը ևս չհասցրեց մեկնել թատրոնի հետ, շուտով ձերբակալվեց․ նրան մեղադրում էին նրա մեջ, որ սպասում էր գերմանացիների գալստյանը[9]։

1941 թվականի հոկտեմբերի 22-ին թատրոնը տարհանվեց Օմսկ, որտեղ տեղակայվեց Օմսկի դրամայի թատրոնի շենքում[10]։

1941 թվականի նոյեմբերից 1943 թվականի օգոստոս Օմսկի բեմին շաբաթը 3 անգամ բեմադրվում էին Օմսկի թատրոնի ներկայացումները, իսկ 4 անգամ՝ Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի։

Նույն թվականին էլ ձևավորվեց և ռազմաճակատ մեկնեց վախթանգովյան արտիստների բրգադը՝ Ա․ Օրոչկոյի, Ա․ Ռեմիզովայի և Ա․ Գաբովիչի ղեկավարությամբ։ 1942 թվականի փետրվարին Բանվորագյուղացիական կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչության և Արվեստների գործով կոմիտեի կանչով թատրոնի դերասաններից կազմված մի բրիգադ մեկնեց ռազմաճակատ․ բրիգադի կազմում էին բրիգադավար Ի․ Սպեկտորը, գեղարվեստական ղեկավար Ա․ Գաբովիչը, դերասաններ Ի․ Սոլովյովը, Ա․ Գրավեն, Ա․ Լեբեդևը, Ն․ Յանովսկին, Ն․ Մոզյայկինը, Տ․ Բլաժինան, Վ․ Դանչևան, Ա․ Դանիլովիչը, Վ․ Վասիլևան, բայանահար Ա․ Գոլուբևը[11]։ Խաղացանկում էր Վլադիմիր Դիխովիչնու «Հարսանեկան ճանապարհորդություն»-ը և համերգային ծրագիր։ 1942 թվականի ամռանը բրիգադում ներառվեցին նաև երկրորդ ռազմաճակատային թատրոնի մի խումբ դերասաններ (Ի․ Լիպսկի, Վ․ Պոկրովսկի, Ե․ Ֆադեևա, Մ․ Օբոլենսկայա, Ա․ Կոնտրելև)։ Ռազմաճակատի թատերախմբի խաղացանկում էին Վ․ Դիխովիչնու «Հարսանեկան ճանապարհորդություն»-ը, Ա․ Արբուզովի և Ա․ Գլադկովի «Անմահը», Ի․ Մետտերի և Լ․ Լևինի «Մեր թղթակիցը» և համերգային ծրագրեր։ Թատրոնի ռազմաճակատային մասնաճյուղը հասավ մինչև Բեռլին և Մոսկվա վերադարձավ միայն 1945 թվականի հունիսին։ Սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէր։ Մոսկվա ընդհանրապես չվերադառնալու և արտահաստիքային մարզային թատրոն դառնալու վտանգ կար։ Ռուբեն Սիմոնով կրտսերի հետ հարզազրույցից․

  Ինչպես հայտնի է՝ Ուրալ էին տարվել շատ արդյունաբերական ընկերություններ։ Այդ իսկ պատճառով Քաղբյուրոյում խնդիր դրվեց բարձրացնել մշակույթը Սիբիրում և Անդրուրալում։ Քանի որ Վախթանգովի թատրոնի շենքն ավերված էր, Ստալինն առաջարկեց այն տեղափոխել Նովոսիբիրսկ։ Անաստաս Միկոյանը Ստալինին ուղղակի հակաճառել չէր կարող։ Նա ասաց․ «Այո, շատ լավ միտք է։ Եկեք Տրետյակովյան պատկերասրահը ևս նույն տեղն ուղարկենք»։ Ստալինը ժպտաց, թափահարեց մատը, և Վախթանգովի թատրոնը վերադարձավ Մոսկվա։ Անաստաս Իվանովիչը շատ բան է արել թատրոնի համար և շատ հաճախ է այցելել թատրոն[12]։  

Պատերազմից հետո

խմբագրել

Շուտով պատերազմից հետո՝ 1946 թվականի օգոստոսին, հրապարակվեց «Դրամատիկական թատրոնների խաղացանկի և դրանց բարելավման մասին» որոշումը, ըստ որի՝ պետք է բեմադրվեին գաղափարապես «ճիշտ» ներկայացումներ։ Վախթանգովյան դպրոցի թեթև, տոնական, զավեշտական ոճը չթույլատրվեց։ Այնուամենայնիվ բեմին հրաշալի ներկայացումներ էին հայտնվում։ Նրանց, ում հաջողվում էր կենդանի վերադառնալ ստալինյան ճամբարներից, Ռ․ Սիմոնովը վերադարձնում էր թատրոն (Ալեքսեյ Դիկին«Աշխարհաքաղաքացիական արշավից» և 1949 թվականին Կամերային թատրոնի փակվելուց հետո Ռուբեն Սիմոնովը Վախթանգովի թատրոն ընդունեց Ալեքսանդր Թաիրովին և Ալիսա Կոոնենին։

Խրուշչովյան ձնհալ տարիներին թատրոնը վերադառնում է իր տոնական-կատակերգական ոճին։ 1963 թվականին Կոնստանտին Ստանիսլավսկու 100-ամյա և Եվգենի Վախթանգովի 80-ամյա հոբելյանին Սիմոնովը բեմ վերադարձրեց «Արքայադուստր Տուրանդոտ»-ին՝ հենց նույն բեմադրությամբ, սակայն նոր դերասաններով և համապատասխանաբար՝ նոր արդիական կատակներով։ Ռուբեն Սիմոնովի մահվանից հետո՝ 1968 թվականին, թատրոնը ղեկավարությունն իր ձեռքը վերցրեց վերջինիս որդին՝ Եվգենի Սիմոնովը։ Սակայն ընտանեկան յուրահատուկ մթնոլորն ամբողջովին կորավ թատրոնից։ «Եվգենի Վախթանգովի անվան թատրոն» գրքից[13]

  Վախթանգովն ինչ-որ բան էր ներշնչել իր սաներին, որ ստուդիականության մթնոլորտը, որը նա միշտ համարում էր առաջնայինը, երկար ժամանակ չէր լքում իր ստեղծած թատրոնը։ Իհարկե, ամեն ինչ էլ պատահում էր՝ վեճեր, բանավեճեր, ժողովներին հարաբերությունների բուռն պարզաբանումներ։ Սակայն նրանց համար, ովքեր աշխատում էին այստեղ, թատրոնն ուղղակի աշխատանք չէր, այն նրանց կյանքն էր։ Եվ ինչպես էլ որ այդ մարդիկ միմյանց վերաբերվեին, նրանց միավորում էր սերը թատերական տան հանդեպ։ Պրեմիերաներին պարտադիր բոլորին նվերներ էին տալիս՝ նույնիսկ դպրոցի աշակերտներին, որոնք առաջին անգամ հանդես էին եկել հոծախումբ տեսարաններում։ Միասին քայլելով փորձերից հետո վերադառնում էին տուն, գրեթե բոլորն ապրում էին հարևանությամբ՝ Բոլշոյ Լևշինսկի նրբանցք 8ա տանը։ Առօրյա կյանքի այս դասավորվածությունը գրեթե հայրիշխանական էր թվում, սակայն միանգամայն այլ տեսակի, քան օրինակ՝ Փոքր թատրոնի պահպանված ծանր ընտանեկան ավանդույթները։ Վախթանգովցիներն իրենց ժամանակաշրջանի մարդիկ էին․ դերասանների շրջանում շատ էին կրթված, օրիգինալ, խելացի, հրաշալի ճարտասացները։ Կանայք կարծես ընտրյալ լինեին․ շատ տպավորիչ էին․ վախթանգովցիները միշտ մեծ նշանակություն էին տալիս արտաքին տեսքին։ Երկար տարիներ պահպանվում էր միասին Ամանորը նշելու ավանդույթը, թեև վաղուց յուրաքանչյուրն իր ընտանիքն ուներ։ Առանց թատրոնի չէին պատկերացնում իրենց կյանքը[14]։  

Այդ ժամանակ կոմունիստական գաղափարախոսություն և քարոզչությունը հիմնական տեղ էր գրավում երկրի մշակույթում, այդ թվում և թատերական արվեստում։ Վախթանգովի թատրոնը ևս սկսեց համապատասխանել գաղափարական ուղղորդիչ գծին։ Թեև միշտ բեմադրվում էին նաև դասական ստեղծագործություններ (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» (1971), Պուշկինի «Փոքր ողբերգություններ» (1974)), սակայն դրանց բեմադրությունները ևս համապատասխանեցվում էին ժամանակային շրջանակներին։ Շեշտակի ընկնում էր թատրոնի մակարդակը։ Գաղափարապես լի ներկայացումները Գլավլիտն ու կուսակցական կոմիտեներն առանց որևէ խնդրի ընդունում և հաստատում էին, սակայն դերասաններն առանց ամաչելու, բացեիբաց ծաղրում էին իրենց աշխատանքները․ «Մենք հերթական անգամ հաղթանակ կրեցինք»[15]։ Նոր գլխավոր ռեժիսորը՝ Եվգենի Սիմոնովը, փորձում էր ինչպես կարող էր պահպանել թատրոնի ավանդույթները և միևնույն ժամանակ համապատասխանեցնել պետական և կուսակցական ղեկավարության պահանջներին, սակայն Վերակառուցման սկսվելու տարիներին նա ստիպված էր հեռանալ իր սիրելի թատրոնից, որտեղ, ըստ էության, մեծացել էր։ 1987 թվականին թատրոնը գլխավորեց առաջատար դերասաններից մեկը՝ Միխայիլ Ուլյանովը ընդհուպ մինչև իր մահը՝ 2007 թվականը։ Այդ ժամանակամիջոցում՝ 1991 թվականին, կրկին վերականգնվեց «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացման բեմադրությունը՝ նոր կազմով և նոր «վերակառուցողական» մեկնաբանություններով․ թատրոնում աշխատում էին բազում հետաքրքիր ռեժիսորներ, բեմադրվեցին ոճային առումով ընդհանրապես անսպասելի մի շարք ներկայացումներ։

Մինչ այսօր թատրոնի յուրաքանչյուր ներկայացման սկզբում հնչում է մագնիտոֆոնով ձայնագրված Միխայիլ Ուլյանովի ձայնը, որը հանդիսատեսին խնդրում է դահլիճ մտնելուց առաջ անջատել բջջային հեռախոսները։

Ներկայումս թատրոնի գեղարվեստական ղեկավարը Ռիմաս Տումինասն է։

Խաղացանկ

խմբագրել

Թատրոնի ամենահայտնի ներկայացումը «Արքայադուստր Տուրանդոտ»-ն է՝ ըստ Կառլո Գոցցիի հեքիաթի, որը բեմադրել է Եվգենի Վախթանգովը։ Ներկայացումը տարբեր տարիներ բեմադրել են Ռուբեն Սիմոնովը և Գ․ Չեռնյախովսկին։ Տուրանդոտ արքայադստեր դերում հանդես են եկել Ցեցիլիա Մանսուրովան, Յուլյա Բորիսովան և այլք։ Արքայազն Կալաֆի դերը երկար ժամանակ կատարում էր Վասիլի Լանովոյը։ Ներկայացումը դարձել է թատրոնի պատմական այցեքարտը։

Նախորդ տարիների ներկայացումներ

խմբագրել

Ընթացիկ խաղացանկ

խմբագրել

Թատրոն

խմբագրել

Թատրոնին կից թանգարան

խմբագրել

Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնին կից գործող թանգարանը պաշտոնապես բացվել է 1931 թվականին՝ Եվգենի Վախթանգովի սաների նախաձեռնությամբ։ Թանգարանի հիմնադիր հանդես եկավ թատրոնի հասարակական խորհուրդը[18]։

Թանգարանի ստեղծման համար հիմք հանդիսացավ փաստաթղթերի և մեդիաֆայլերի հավաքածուն, որոնք 1913 թվականից հավաքում և պահում էր Եվգենի Վախթանգովի կինը՝ Նադեժդա Վախթանգովան (ի ծնե՝ Բայցուրովա)։

Թատերական թանգարանի արխիվում պահվում են բոլոր ներկայացումների փաստաթղթերը՝ պիեսների տեքստերը, ռեժիսորական մեկնությունները, ներկայացումների դերասանական և ռեժիսորական կազմը, նկատառումները, Թատրոնի գեղարվեստակա խորհրդի կողմից ներկայացումների քննարկումները, ձեռագիր նյութերը, թատրոնի աշխատանքի, ներկայացումների և դերասանների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունները։

Թանգարանում պահվում են նաև ներկայացումների, ծրագրերի, նետաների տպագիր պաստառները, լուսանկարների և ներկայացումների սևանկարները, թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստերի արձանագրությունները, շրջագայող մամուլի նյութերը, թատրոնի ռեժիսորների գրանցամատյանները, դերասանների և ռեժիսորների ստեղծագործական գործերը։

Թատերական թանգարանը գիտահետազոտական լուսավորչական հաստատություն է։ Թատրոնի պատմությանը, թատրոնում տարբեր տարիներին աշխատող դերասանների, ռեժիսորների, կոմպոզիտորների և նկարիչների ստեղծագործական կյանքին նվիրված գրքի պատրաստման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են գիտաշխատողները։ Վերջիններս նաև օգնել են թատրոնի և նրա գործիչների մասին փաստագրական ֆիլմի նկարահանման ժամանակ։

Թանգարանը տեղակայված է թատրոնի դստիկոնի սենյակներից մեկում, որտեղ պահպանվում է արխիվի մեծ մասը և արվեստների պատմության գրադարանը։ Դստիկոնի նախասրահում միշտ ցուցահանդես կա, որը նվիրված է թատրոնի պատմությանը, նրան փառք բերած ներկայացումներին․ ցուցահանդեսը թատրոն այցելած հանդիսատեսի համար է։

Թանգարանի աշխատակիցները նաև թեմատիկ ցուցահանդեսներ են կազմակերպում, որոնք հարմարաեցված են թատրոնի կյանքի նշանակալի ամսաթվերին։

Թանգարան են հաճախում հիմնականում թատերական բուհերի ուսանողները, ասպիրանտները, քննադատները, թատերագետները՝ արխիվային փաստաթղթերի հետ աշխատելու նպատակով։

Թատերական թանգարանի աշխատակազմն է[18]՝

Ե․ Վախթանգովի տուն֊թանգարան

խմբագրել

Եվգենի Վախթանգովի մահվանից հետո նրա այրին՝ Նադեժդա Միխայլովնան, տարածք առանձնացրեց թատերական թանգարանի մասնաճյուղ ստեղծելու համար․ այդ տարածքն ամուսնու աշխատասենյակն էր իր բնակարանում, որտեղ Վախթանգովն ապրել է 1918-1922 թվականներին և մահացել 39 տարեկան հասակում՝ 1922 թվականի մայիսի 29-ին[18]։

Ե․ Վախթանգովի տուն-թանգարանի ցուցանմուշներից են նրա աշխատասենյակի, գրադարանի առարկաներ, Եվգենի Վախթանգովի, նրա ներկայացումների, նրա ուսուցիչների և կոլեգաների հին տարիների լուսանկարներ՝ մակագրությամբ, պաստառներ և ներկայացումների ծրագրեր։

Ե․ Վախթանգովի հիշատակին նվիրված տուն-թանգարանը (Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնին կից գործող թանգարանի մասնաճյուղ) տեղակայված է Մոսկվայի Դենեժնի նրբանցք 12 հասցեում[18]։

Ե․ Վախթանգովի տուն-թանգարանը բաց է այցելությունների համար՝ թատերական թանգարանի աշխատակիցների հետ ըստ նախնական պայմանավորվածության[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Любовь Гуревич. «Чудо святого Антония» // az.lib.ru
  2. Сергеева И. Л., Литвин М. Р. Театр имени Евг. Вахтангова. 1913—1996: Альбом // dombulgakova.ru. — М.: Русская книга, 1996. — С. 286. — ISBN 5-268-01332-7
  3. «История театра Вахтангова // web.archive.org». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
  4. «ЮРИЙ ЕЛАГИН. УКРОЩЕНИЕ ИСКУССТВ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Демьян Бедный — Нас побить, побить хотели! // slova.org.ru
  6. Демьян Бедный // rupoem.ru
  7. Вахтанговцы, старшее поколение // lit-obraz.narod.ru
  8. История русского театра // dombulgakova.ru
  9. Официальный сайт Театра имени Евгения Вахтангова // vakhtangov.ru
  10. «Ишимский краеведческий музей. История театра в Ишиме // kmishim.ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. Отчёт о работе фронтовой группы государственного театра им. Евг. Вахтангова
  12. Актёр Рубен Симонов // mielofon.ru
  13. 1913—1996: Альбом / Авт.-сост. И. Л. Сергеева, М. Р. Литвин; Авт. текста Д. Н. Годер. -М.: Рус. кн., 1996. — 286 c. ISBN 5-268-01332-7
  14. История русского театра. История театра Вахтангова // dombulgakova.ru
  15. Интервью актёра театра Эрнста Зорина журналу «Кругозор»: ХОХМЫ со всей серьёзностью // krugozormagazine.com Արխիվացված 2008-11-21 Wayback Machine
  16. «Ревнивая к себе самой» Т. де Молины, реж. А. Коручеков
  17. Крик лангусты
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Музей Государственного академического театра имени Евгения Вахтангова // vakhtangov.ru

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ե․ Վախթանգովի անվան թատրոն» հոդվածին։