Սեբաստիայի վիլայեթ
Սեբաստիայի վիլայեթ, Սվազի վիլայեթ կամ Ռումի Էյալեթ, հայկական աղբյուրներում՝ Սեբաստիայի կուսակալություն կամ Սեբաստիայի նահանգ, վարչատարածքային միավոր օսմանյան Թուրքիայում։ Կոչվել է վարչական կենտրոնի՝ Սեբաստիա քաղաքի անունով։
Վիլայեթ | ||
---|---|---|
Սեբաստիայի վիլայեթ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Հիմնադրված է | 1867 թ. | |
Մակերես | 83 700 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 418 000 մարդ (XIX դարավերջ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | սեբաստացի | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀիմնականում հին Փոքր Հայքի տարածքին համապատասխանող Սեբաստիայի նահանգը օսմանյան թուրքերը զավթել են XV դարի առաջին քառորդին։ Մինչև XVI դարի սկիզբն այն օսմանյան սուլթանության արևելյան սահմանային նահանգն էր, որը հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի կայսրությանը (մինչև 1461), արևելքից՝ նախ ակկոյունլուների տիրակալությանը (մինչև 1502), ապա՝ Սեֆյան Պարսկաստանին (մինչև 1514), հարավից՝ Եգիպտոսի Մամլուքյան սուլթանությանը (մինչև 1516)։
XVI դարի սկզբից տարածվում էր Անատոլիայի (Անկյուրա) Կարամանի, Մարաշի, Կարնո, Տրապիզոնի նահանգների և Սև ծովի միջև։ Վարչականորեն բաժանված էր յոթ գավառի (թուրքերեն սանջակ կամ լիվա) Սեբաստիայի, Ամասիայի, Չորումի, Բոզոքի, Ջանիկի, Տեվրիկի և Արաբկիրի։ XIX դարի կեսին Սեբաստիայի վիլայեթին միացվեց նաև նախկինում Էրզրումի փաշայության կազմում գտնվող Շապին-Գարահիսարի գավառը։
XIX դարի վերջին և XX դարի սկզբին Սեբաստիայի վիլայեթը հյուսիսից սահմանակից էր Կասաամունիի և Տրապիզոնի, արևելքից՝ Էրզրումի և Խարբերդի, հարավից՝ Հալեպի և Ադանայի, արևմուտքից՝ Անգորայի վիլայեթներին։ Տարածությունը 83700 կմ2 էր։
Սեբաստիայի վիլայեթի ռելիեֆը լեռնային է։ Արևելքից արևմուտք ձգվում են երեք լեռնաշղթաներ՝ Ջանիկի (հյուսիսում), Հյուսիսային Տավրոսի (միջին մասում) և Ներքին Տավրոսի (հարավում)։ Նահանգի տարածքը արևելքից արևմուտք հատում են երկու խոշոր գետ՝ Հալիսը (թուրքերեն Կըզըլ-ըրմակ - Կարմիր գետ) և Իրիսը (թուրքերեն Յեշիլ-ըրմակ - Կանաչ գետ)։ Լճերը սակավ են (ամենախոշորի՝ Լադիկի երկարությունը ձնհալի ժամանակ հասնում է մինչև 11 կմ)։
Կլիմա
խմբագրելՆահանգի կլիման բազմազան է․ հյուսիսում և արևելքում (Եվդոկիա, Շապին-Գարահիսար), որտեղ լեռների բարձրությունը հասնում է 1500 մ և ավելի, ձմեռը երկար է և խստաշունչ (ջերմաստիճանը հասնում է -12 °C-ից -16 °C-ի, երբեմն՝ մինչև -25° С), ամառը՝ կարճ (միջին ջերմաստիճանը մոտ 25° С է, առավելագույնը 35 °C-ից չի անցնում)։ Հարավային և արևմտյան սարահարթերում ձմեռային միջին ջերմաստիճանը -6 °C-ից -10° С է, իսկ ամռանը հաճախ ջերմաստիճանը ստվերում հասնում է 38 °C-ի։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելՍեբաստիայի հյուսիսային մասն անտառապատ է։ Լադիկի շրջակայքում, Թավշանդաղի, Ակդաղի, Զեյթունդաղի բարձունքներին հանդիպում են փշատերև ծառերի գրեթե բոլոր տեսակները։ Եվդոկիայի գավառակի ցածրադիր վայրերում գերակշռում են բալենիները, խնձորենիները, տանձենիները, ընկուզենիները, շագանակենիները, սոսիներն ու նոճիները։ Կենտրոնական և հարավային շրջաններում անտառները սակավ են։
Անտառաշատ վայրերում վայրի կենդանիներից տարածված են արջը, գայլը, աղվեսը, լուսանը, վարազը, կզաքիսը, սամույրը, նապաստակը, սկյուռը, եղջերուն, թռչուններից՝ կաքավը, լորը, փասիանը, կտցարը, մեծ արոսը, բադը, սագը, սարյակը, կեռնեխը, արտույտը, կաչաղակը, ագռավը, արծիվը, բազեն, ուրուրը։ Ձկնառատ են գետերն ու լճերը (սռավել տարածված են ծածանազգիները)։
Օգտակար հանածոներ
խմբագրելՍեբաստիայի վիլայեթի տարածքը հարուստ է հանածոներով (պղինձ, քարածուխ, մարմար, սպիտակ ճենակավ, կապարարծաթ, պաղլեղ, քարաղ և այլն)։ Կան հանքային զանազան աղբյուրներ (կոչվում են «ջերմուկներ»), որոնցից հայտնի են Սեբաստիայից ոչ հեռու գտնվող Սառնաղբյուրը, Ջերմաղբյուրը (բաղադրությամբ և հատկություններով նման է ֆրանսիական Վիշիի ջրերին), և Խավսայի ջերմուկը (45 °C)։
Պատմություն
խմբագրելՍեբաստիայի վիլայեթի տարածքը հնագույն ժամանակներից եղել է հայկական ցեղերի բնօրրան։ Մ․ թ․ ա․ VI—V դարերում հյուսիսից մուտք են գործել հույները, որոնց թիվն ավելացել է հելլենիստական դարաշրջանում (մ․ թ․ ա․ IV—II դդ․)։ Մ․ թ․ ա․ I դ․, երբ Հռոմը զավթեց Սեբաստիայի վիլայեթի տարածքը, դրա արևմտյան մասում գերակշռում էր հունալեզու բնակչությունը, իսկ արևելյան մասում՝ հայերը (ազգացեղային սահմանն անցնում էր մոտավորապես Սեբաստիայով)։ XI դարում հայերը, խուսափելով թուրքերի ներխուժումներից, Մեծ Հայքի գավառներից զանգվածաբար տեղափոխվել են Փոքր Հայք։ Ամենամեծ գաղթը տեղի է ունեցել 1021 թվականին, երբ Վասպուրականի Սենեքերիմ-Հովհաննես թագավորը՝ իր մերձավորներով, նախարարներով, ոստանիկներով և «բազմութեամբ ժողովըրդեան» տեղափոխվել է Սեբաստիա։
XI դարի վերջից այնտեղ հաստատվել են նաև աննշան թվով թուրքական ցեղեր։
1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի և Հայկական հարցի արծարծման կապակցությամբ, նպատակ ունենալով եվրոպական տերություններին «ապացուցել» մուսուլմանական տարրի գերակշռությունը օսմանյան տիրապետության արևելյան նահանգներում, Աբդուլ Հալքիդ II սուլթանը վարչական փոփոխությունների ենթարկեց Արևմտյան Հայաստանի ողջ տարածքը՝ Սեբաստիայի վիլայեթից անջատելով Ջանիկի (սևծովյան ափամերձ շրջանները), Բոզոքի, Չորումի և Արաբկիրի գավառները։
Սեբաստիա քաղաքում նստող թուրք նահանգապետին (վալի) ենթարկվում էին գավառների ներքին գործերը վարող մյութեսերիֆները։ Գավառակները կառավարում էին կայմակամները, իսկ նահիեները՝ մյուդիրները։ Սեբաստիայի վիլայեթում գործող և պահեստային զորքերը մտնում էին թուրքական IV զորաբանակի մեջ, որի գլխավոր զորակայանը Երզնկայում էր։ Պատերազմի ժամանակ ամեն կազա պետք է հանդերձավորեր 4 գումարտակ, ամբողջ նահանգը՝ մոտ 100 000 զինվոր։
Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի տվյալներով 1880-ական թթ․ Սեբաստիայի վիլայեթում և Կեսարիայի գավառում կար 670 000 հայ (20-25 000 զոհվեց 1895—1896 թվականների թուրքական կոտորածների ժամանակ)։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Սեբաստիայի վիլայեթում բնակվում էր 418 000 հայ։ Սեբաստիայի վիլայեթի արևմտյան մասում հայերը բնակվում էին հիմնականում քաղաքներում։
1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ Սեբաստիայի վիլայեթի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվեցին։ Մեծ մասը զոհվեց գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանեցին տարբեր երկրներում։ Նահանգում մնացած հայերը (հիմնականում կանայք և երեխաներ) բռնությամբ թուրքացվեցին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո որոշ թվով հայեր վերադարձան նախկին բնակավայրերը։ 1985 թվականի տվյալներով հայեր կան Սեբաստիա, Եվդոկիա, Ամասիա քաղաքներում, Մարգվանում, Կեմերեկում, Նոր Խանում, Ուլաշում, Զարայում, Գյումուշ-Հաջի քյոյում։
Գյուղատնտեսություն և արդյունաբերություն
խմբագրելԳյուղերում բնակվող հայերը զբաղվում էին հացահատիկի, բրնձի, ոսպի, սիսեռի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, գինեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Արդյունաբերությունը Սեբաստիայի վիլայեթ մուտք գործեց XIX դարի վերջից։ Ստեղծվեցին գործվածքեղենի, լուցկու, կաշվի, երկաթեղենի, գինու գործարաններ, պղնձի ձուլարաններ, ներկատներ։ Ներմուծում էին պղինձ, անագ, անիլինի ներկեր, սուրճ, կաշի, կոնյակ (Ֆրանսիայից), երկաթ, մահուդ, չիթ, նավթ, տավար (Ռուսաստանից), արտահանում՝ հացահատիկ, ալյուր, կանեփ, թարմ մրգեր, չամիչ, բանջարեղեն, մանր եղջերավոր անասուններ, բուրդ, փայտանյութ, գորգեր, մորթիներ և այլն։ Հաղորդակցության ուղիները բարձիթողի վիճակում էին։ Հիմնական փոխադրամիջոց էին ուղտը, ձին, եզը, ջորին, ավանակը։ Արդյունաբերությունը, արհեստները և առևտուրը հիմնականում կենտրոնացված էին հայերի ձեռքում։
Հայկական ճարտարապետական հուշարձաններ
խմբագրելՍեբաստիայի վիլայեթում կային բազմաթիվ հայկական ճարտարապետական հուշարձաններ (բերդեր, վանքեր, եկեղեցիներ և այլն)։ Նվաճողները մի շարք եկեղեցիներ վերածել էին մզկիթի (օրինակ Սեբաստիայի Ուլու-ջամի մզկիթը նախկինում եղել է հայկական եկեղեցի՝ Ս․ Երանոս անվամբ)։ XIX դարի կեսից ստեղծված մշակութային ընկերությունների (Սենեքերիմյան, Անձնվեր, Լուսաբեր և այլն) ջանքերով նկատելիորեն աշխուժացավ հայերի կրթա-հասարակական և քաղաքական կյանքը։
Վարչական բաժանում
խմբագրելՍեբաստիայի վիլայեթը բաժանված էր չորս գավառի[1]՝
- Ամասիա
- Եվդոկիա (Թոխաթ)
- Յոզղաթ
- Շապին Գարահիսար (Կարահիսար-Շարկի)
- Սեբաստիա (կենտրոնական գավառ)
Գավառներն իրենց հերթին բաժանված էին 28 գավառակի (թուրքերեն կազա) և 257 գյուղախմբի (նահիե)։ Սեբաստիայի վիլայեթում կար 4761 գյուղ։
Ամասիայի սանջակ
խմբագրելԱմասիայի գավառը բաժանված էր 8 գավառակի՝
- Ամասիա
- Գյումուշ
- Լաոդիկեա (Լադիկ)
- Խավզա
- Հաջիքյոյ
- Մարզվան
- Մեճիտ Էոզի (Մեջիդ-Օզու)
- Վեզիր Քյոփրյու
- Օսմանջիկ
Թոկատի սանջակ
խմբագրելԹոկատի (Եվդոկիայի) գավառը բաժանված էր 4 գավառակի՝
Յոզղաթի սանջակ
խմբագրելՅոզղաթի գավառը բաժանված էր 5 գավառակի։ Որոնցից էին.
Շապին Գարահիսարի սանջակ
խմբագրելՇապին Գարահիսարի գավառը բաժանված էր 5 գավառակի՝
- Ալաջրա
- Ալվեճրե
- Զաղապա
- Կոյլու հիսար (Կոլոնիա, Կոյուլ-Հիսար)
- Համիդիե
- Սուշեհիր (Նիկոպոլիս, Սու-շեհրի)
- Շապին Գարահիսար
Սեբաստիայի սանջակ
խմբագրելՍեբաստիայի գավառը բաժանված էր 11 գավառակի՝
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Հովհաննես Սեբաստացի, Պատմութիւն Սեբասաիոյ, աշխատասիր․ Բ․ Լ․ Չուգասզյանի, Ե․, 1974
- Աղեքսանդյան Ա․, Պատմություն ականավոր քաղաքին Սեբաստիո, և սահմանաց նորա կամ Արքեպիսկոպոսության նորին, Վնտ․, 1911
- Գաբիկեան Կ․, Եղեռնապատում Փոքուն Հայոց և Նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Բոստոն, 1924
- Առաքել Ն․ Պատրիկ, Պատմագիրք հուշամատյան Սեբաստիո և գավառի հայության, հ․ 1, Բեյրութ, 1974
- Սապահ-Դյուլյան Ս․, Փոքր Հայքի հիշատակներ, Չիկագո, 1917
- Cuinet Vital, La Turquie d’Asie, t․ 1, P․, 1891․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 555, Սեբասիտայի նահանգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |